Pastinfo.am-ը գրում է․
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովն այս օրերին ակտիվ աշխատանքներ է իրականացնում։ Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ՝ օրական 3000-ից ավելի նամակներ է ստանում ու այդ ամենը հանձնաժողովը քննարկում է փորձագետների հետ, փորձում են քաղաքացիներին օգնել կամ էլ ուղղություն ցույց տալ։
«Աշխատանքներն ամեն օր կոորդինացնում ենք օմբուդսմենի հետ, արդարադատության նախարարության հետ։ Փորձագետների հետ ստեղծել ենք վիդեո կոնֆերանսի նման կապ, որպեսզի ամենօրյա ռեժիմով չհանդիպենք։ Լուծելի ահազանգերը կամ պարզաբանման ենթակա հարցեըը փոխանցում ենք փորձագետներին կամ էլ ես եմ պատասխանում դրանց»,-ասաց Զոհրաբյանը։
Նա հայտնեց, որ հանձնաժողովը ահազանգեր է ստանում և՛ քրեակատարողական հիմնարկներից, և՛ դատապարտյալների հիվանդանոցից, և՛ հատուկ հաստատություններից ու քաղաքացիներից։
«Մոնիթորինգ ենք անում, որ ալկոգելի և դիմակների պակաս չլինի։ Բնականաբար այս ժամանակահատվածում ամենօրյա այցեր չենք կարողանում ունենալ, որովհետև դա շատ ռիսկային է ու դրա անհրաժեշտությունը չկա։ Ես օրը մի քանի անգամ կապի մեջ եմ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների հետ, փորձում եմ ճշտել՝ արդյոք ընդունարանում կուտակումներ չեն լինում, որովհետև դա էլ ամենառիսկային աղբյուրներից մեկն է»,-հայտնեց հանձնաժողովի նախագահը։
Պատգամավորի փոխանցմամբ՝ հաճախ կատաստրոֆիկ ահազանգեր են լինում. նա դրանցից մի քանիսը ներկայացրեց «Փաստինֆո»-ին․ «Քաղաքացիներից մեկը հայտնել էր, որ անչափահաս երեխաներ ունի, հենց հիմա երեխաներին կտանի կողքի սենյակ ու երակները կկտրի, որպեսզի համոզվենք, որ իսկապես անհույս է, կամ մեկ այլ դեպքում էլ անձն արդեն Հաղթանակ կամրջից իրեն նետելու էր գնում, միայն իմ հորդորներից հետո այդ քայլին չի գնացել։ Մի կին էլ ուղարկել է իր փոքր երեխայի նկարն ու ասել, որ նա արհեստական կերով է սնվում, սակայն այլևս կերի գումար չունի։ Հիմա «Ծառուկյան» հիմնադրամով փորձել ենք իրենց որոշակի օգնություն ցույց տալ, բայց սա հարցի լուծում չէ»։
Զոհրաբյանի խոսքով, արդեն ակնհայտ է, որ հազարավոր ընտանիքներ կանգնած են սովի եզրին ու պարզ չէ՝ բոլորը կառավարության կողմից օժանդակություն կստանա՞ն, թե՞ ոչ, քանի որ շատ դեպքերում չափորոշիչներն այնքան խիստ են, որ բազմաթիվ քաղաքացիներ չեն ընդգրկվում դրանցում, սակայն իրապես հացի խնդիր ունեն։
«Ես արդեն նյարդերս հանգստացնող դեղեր ու թեյեր եմ խմում, որպեսզի ի վիճակի լինեմ նամակները կարդալ։ Սա սարսափելի է, ուղղակի հնարավոր չէ, չգիտեմ այս ամենի վերջն ինչ է լինելու, բայց հանձնաժողովը ծանրաբեռնված աշխատում է, ու չենք հասցնում բոլոր ահազանգերի հետևից գնալ։ Ես չեմ ուզում խուճապ տարածել, բայց սա այլևս արտակարգ ռեժիմ չէ, սա այլևս կատաստրոֆիկ ռեժիմ է, և մենք բոլորս միասին պետք է արագ համախմբվենք»,-շեշտեց հանձնաժողովի նախագահը։
Զոհրաբյանը հիշեցրեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքացիներին աջակցության համար 7 կետեր է ներկայացրել․ «Պետք չէ մտածել ԼՀԿ-ն է ասում, ԲՀԿ-ն է ասում, թե ուրիշ մեկը, եթե ռացիոնալ է, տարբերակ է, մեր բյուջեի հնարավորությունները թույլ են տալիս, պետք է այդ քայլերն անել։ Վաղն ուշ է լինելու, Եթե սոցիալական պայթյուն լինի, ջինը շշից դուրս գա, այլևս իրավիճակը կանգնեցնել հնարավոր չի լինելու, ցավոք սրտի»։



