Ապրիլին նախատեսվում է երկու միլիոն տոննայի կարգի ռուսական նավթի առաքում Բելառուս, ընդ որում՝ ծայրահեղ ցածր գնով. մեկ բարելի դիմաց չորս դոլար: Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասի կողմից ավելի վաղ հաղորդված տեղեկությունը հաստատել է «Բելնեֆտեխիմ»-ի մամուլի ծառայությունը, գրում է ԲԵԼՏԱ-ն:
Պետական ընկերության ներկայացուցչի խոսքով, մատակարարումների ծավալը և գինը համապատասխանում են «ռեսուրսի սեփականատերերի առաջարկած առևտրային առաջարկներին»: Թե ինչ մատակարարների մասին է խոսքը, նա չի հստակեցրել:
Առանձին նշվում է, որ ռուսաստանյան ընկերությունների հավելավճարների հարցերը կկարգավորվեն միջբյուջետային հաշվարկների մակարդակում: Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը պարզաբանել է, որ դրանով կզբաղվեն պայմանագրերի հաստատումից հետո:
«Բելնեֆտեխիմ»-ը նշել է, որ այս պահի դրությամբ կողմերը մատակարարումների և հավելավճարների հետ կապված որևէ հակասություն չունեն ռուսաստանյան ընկերությունների հետ:
Այս տեղեկությունը հակասում է Ռումասի հայտարարությանը, ըստ որի ռուսական գազը գնվելու էր առանց հավելավճարների: Նա նշել է, որ այդպիսին է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կոշտ դիրքորոշումը:
Իր հերթին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Բելառուսը կկարողանա ռուսական նավթը գնել չորս դոլար վերջնական գնով միայն այն դեպքում, եթե այդպիսի առևտրային առաջարկներ հայտնվեն:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ առաքումները կարող են ընթանալ հինգ դոլար հավելավճարով, ուստի հումքի վերջնական արժեքը կլինի ինը դոլարի մակարդակի: Սա ավելի էժան է, քան ռուսական Urals տեսակի նավթի մեկ բարելի գինը եվրոպական բորսաներում: Շաբաթվա սկզբում դրա գինը նվազել է հասնելով ռեկորդային 10 դոլարի՝ վերջին 20 տարվա ընթացքում: