Pastinfo.am-ը գրում է․

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց կառավարության տնտեսական աջակցության գործիքները և մանրամասնեց ովքեր կարող են լինել շահառուներ:

Նախարարի խոսքով առաջին գործիքի նպատակն է արագ եղանակով ֆինանսական միջոցներ հասցնել այն կազմակերպությունների համար, որոնք առևտրային բանկերի համար հանդիսանում են հուսալի գործընկեր: Գործիքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ առևտրային բանկերն են որոշում, թե որ կազմակերպություններն են այն հուսալի վարկառուները, որոնք կարող են օգտվել կառավարության համաֆինանսավորման, վերաֆինանսավորման կամ տոկոսների սուբսիդավորման ծրագրերից:

Կառավարության տնտեսական աջակցության երկրորդ միջոցառումը վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին. «Նախորդ տարվա ընթացքում նույնպես այս ուղղությանը մեծ ծավալի աջակցություն է ցուցաբերվել: Այս տարի որոշակի առանձնահատկություններ ենք ընդծել և փաթեթում լրացումներ ենք կատարել` նպատակ ունենալով հատկապես գարնանը սկսող գյուղատնտեսական աշխատանքներից առաջ ավելի հասանելի դարձնել այն ֆինանսական միջոցները, որոնք մեր ֆերմերային տնտեսությունները կօգտագործեն իրենց գյուղատնտեսական գործունեությւոնը սպասարկելու համար»,-ասաց նախարարը:

Երրորդ ուղղությունը նախատեսված է փոքր և միջին ձեռնարկությունների համար: Սա հատկապես փոքր բիզնեսի համար արագացված ընթացակարգով, առանց բանկային և ֆինանսական մյուս կազմակերպությունների միջնորդության վարկավորման հնարավորությունն է, եթե 2019 թվականի ընթացքում դրսևորել են որպես օրինապահ, պարտաճանաչ հարկ վճարողներ և վարկառուներ: Ինչ վերաբերում է աջակցության չորրորդ գործիքին, ապա դա նախատեսված է այն կազմակերպությունների համար, որոնք չնայած դժվար ժամանակներին 2020-ի մարտ ամսվա դրությամբ չեն կրճատել աշխատակիցների քանակը և չեն կրճատել աշխատավարձի ֆոնդը:

Նախարարը նշեց, որ ապրիլի 1-ից արդեն գործում են նշված բոլոր աջակցության ծրագրերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել