PanArmenian.Net-ը գրում է․
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 5-րդ ալիքի եթերում ցուցադրված «Հաղթանակի ապրիլ» ֆիլմում խոսելով Ապրիլյան պատերազմի մասին, հայտարարել է, որ այդ օրերին հայկական կողմը կորցրել է 400 հեկտարից էլ քիչ տարածք։
Սարգսյանը պատմել է, որ այդ օրերին ԱՄՆ-ում էր՝ Ատոմային անվտանգության գագաթնաժողովին։ Նա նշել է, որ այնտեղ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Ջոն Քերրիի հետ, քննարկել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Գագաթնաժողովի ավարտից հետո նա զանգահարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին՝ տեղեկացնելով բանակցությունների ընթացքի մասին, իսկ ժամեր անց սկսվել է ադրբեջանցիների հարձակումը։
Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ 800 հա տարածքի կորստի մասին առաջինն ինքն է խոսել Վիեննայից վերադառնալիս՝ ինքնաթիռում, և չի ափսոսում դրա համար։
«Ես ասել եմ ավելի մեծ թիվ, քան իրականությունն է: Ինչո՞ւ եմ այդպես ասել․․․ Այդ օրերին, մերոնցից շատերն օգտվում էին ադրբեջանական լրատվամիջոցներից և խոսում այն մասին, որ ադրբեջանցիները գրավել են Թալիշը, արդեն Մատաղիսում են և այլն: Իսկ մարտական գործողություններից հետո տարբեր թվեր էին ասում` 5000 հա, 50 ք/կմ և այլն: Ոոմանք ինչ-որ նկարահանումներ էին հրապարակում, ինչ-որ հաշվարկներ անում․․․ Դրանից հետո էլ նրանք գնացել են, փորձել չափել և տեսել են, որ իմ ասածը շատ ավելին է, քան իրականում կորցրել ենք: Եթե ուզում եք իրականությունն իմանալ՝ սանտիմետր առ սանտիմետր, ապա դա 400 հեկտարից էլ քիչ էր»,- ասել է Սերժ Սարգսյանը:
«Ցավոք սրտի, գրանտներով սնվող շատ լրատվամիջոցներ, անհատներ սկսեցին այդ ռազմական գործողությունները ներկայացնել որպես պարտություն: Ինձ համար շատ ցավալի էր, որովհետև իրականությունն այլ էր»,- ասել է ՀՀ երրորդ նախագահը: