Արտակարգ դրության պայմաններում պարետատունը, նախօրոք սահմանելով խաղի կանոններ և խոստանալով պատասխանել առցանց եղանակով լրատվամիջոցների ուղարկած հարցերին, արդեն երկրորդ անգամ չի պատասխանել antifake.am կայքի ուղարկած հարցերին: Նույն կայքի՝ ուշադրություն գրավելու և հարցերը հնչեցնելու բազմաթիվ փորձերն անտեսվել են պարետատան միասնական տեղեկատվական հարթակի կողմից: Նույն խնդրին են առնչվել բազմաթիվ այլ լրատվամիջոցներ:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն ահազանգում է, որ պարետատունը շարունակում է յուրայինների և օտարների բաժանել լրատվամիջոցներին՝ անտեսելով լրատվամիջոցների բարձրացրած բազմաթիվ հարցերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր լրատվամիջոց ունի իր լսարանը և բարձրաձայնում է հարցեր, որոնք արտակարգ դրության պայմաններում խիստ կարևոր են իր լսարանի համար՝ ստացվում է, որ պարետատունը չի բարեհաճում հարգել իր իսկ սահմանած խաղի կանոնները և միասնական տեղեկատվական հարթակի միջոցով պատասխանել այն լրատվամիջոցների հարցերին, որոնք իշխանության քիմքին հաճո չեն:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն ահազանգում է, որ լրատվամիջոցների հետ հարաբերություններում պարետատան կողմից կիրառվող երկակի ստանդարտները զրոյի են հասցնում պարետատան տեղեկատվական քաղաքականության արդյունավետությունը, քանի որ, մամուլի ասուլիսների ընթացքում պատասխանելով միայն իշխանությանը քմահաճո լրատվամիջոցների հարցերին, պարետատունն արտակարգ դրության պայմաններում օդում կախված է թողնում հասարակության շրջանում պտտվող բազմաթիվ կենսական հարցերի պատասխանները:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում պարետատանը վերանայել տեղեկատվական քաղաքականությունը և դադարեցնել լրատվամիջոցներին տեսակավորելու արատավոր պրակտիկան: Արտակարգ դրության պայմաններում պարետատունն ու պետական այլ պատկան մարմինները պարտավոր են գիտակցել, որ առողջապահական, սոցիալ-տնտեսական և հոգեբանական ծանրագույն պայմաններում հայտնված քաղաքացիների հետ արդյունավետ կերպով հարաբերվելու միակ դաշնակիցն ու բարեկամը լրատվամիջոցներն են, որոնց հետ պետք է ձևավորել կայուն գործընկերային և հարգալից հարաբերություններ՝ չտեսակավորելով և չպիտակավորելով որևէ մեկին։