Factor.am-ը գրում է․

Իջեցված դրոշներ ու լռություն․ Իտալիայում այսօր սգում են նոր կորոնավիրուսի 11․5 հազար զոհերի հիշատակը։

Շուրջ 60․5 միլիոն բնակչություն ունեցող երկիրը կարանտինի մեջ է մարտի 8-ից։ Կորոնավիրուսային պանդեմիայից այն մինչ օրս ամենաշատ մարդկային կորուստներ ունեցած երկիրն է։

Իտալական Նեապոլում ապրող մեր հայրենակիցն անկեղծանում է․ Իտալիան գուցե նման վիճակում չհայտնվեր, եթե մարդիկ, ի սկզբանե, կորոնավիրուսին լուրջ վերաբերվեին։

«Բարերում, փաբերում, սրճարաններում իրենց շատ լավ էին զգում, խմում էին, ուրախանում, էներգիա ծախսում։ Բայց կարանտինի 14-րդ օրը, այսինքն՝ ինկուբացիոն շրջանի անցնելուց հետո, հասկացան, որ շատ մեծ սխալ են գործել և նաև դա է դարձել այդ վարակի արագ տարածման պատճառը Իտալիայի հարավում»,- ասում է Գևորգ Թովմասյանը։

Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան հայտարարել է, որ պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմը կշարունակվի մինչև ապրիլի 12-ը, սակայն այստեղ ևս փոփոխություններ են հնարավոր։ Իտալական մի քանի պարբերականի տվյալներով՝ հնարավոր է կարանտինն Իտալիայում մինչև մայիս ձգվի։

«Ոստիկանությանը օգնում է նաև բանակը․ զորքեր են մտցված քաղաքում»,- պատմում է մեր հայրենակից Գևորգ Թովմասյանը։

4․7 միլիարդ եվրո՝ երկրի քաղաքային իշխանություններին, 600 եվրո ինքնազբաղված քաղաքացիներին և 400 միլիոն եվրո այն մարդկանց, որոնք գումար չունեն անհրաժեշտ գնումներ կատարելու համար։ Իտալիայում դեռ հաշվարկում են կորոնավիրուսից կրած վնասները։

Վարչապետ Ջիուզեպե Կոնտեի հայտարարած՝ աջակցության նախնական 25 միլիարդ եվրո արժողությամբ փաթեթին, գուցե, լրացուցիչ 30 միլիարդ ավելանա։ Իտալիայի խոշորագույն ցուցահանդեսային կենտրոններից մեկը՝ Ֆիերա Միլանոն 10 օրում բուժհաստատության է վերածվել։ Այստեղ աշխատելու է 200 բժիշկ, 500 բուժքույր և 200 այլ բժշկական մասնագետ:

Մեր հայրենակիցը պատմում է, որ իտալացի բժիշկները երբեմն ստիպված են լինում ընտրել՝ ում բուժել, ում՝ ոչ։ Օրեր առաջ 24 ժամում Իտալիան 900-ից ավելի մահ տեսավ։ Այսօր մեկ օրում գրանցվող մահերի թիվն էականորեն նվազել է։

Իտալական Լոմբարդիայում, որտեղ վարակի ամենամեծ բռնկումն է, իրավիճակը, կարծես, մեղմվում է։ France 24-ին տված հարցազրույցում Լոմբարդիայի փոխնախագահ Ֆաբրիցիո Սալան հույս է հայտնել, որ իրավիճակը դրական զարգացում կունենա։ Այնուամենայնիվ, Իտալիայում վարակակիրների ընդհանուր թիվն արդեն գերազանցել է 101 հազարը։

Հիշեցնենք՝ Իտալիայում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր հունվարի 31-ին։ Այն այստեղ էր հասել Չինաստանից Հռոմ ժամանած զբոսաշրջիկների միջոցով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել