Մադրիդի ինքնավար համայնքի ղեկավար Իսաբել Դիաս Այուսոյի հրամանագրով Մադրիդում մարտի 30-ից պաշտոնապես սուգ է հայտարարվում կորոնավիրուսից մահացածների հիշատակին։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին տեղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:
«Կխոնարհվեն պետական հաստատությունների վրա տեղադրված Մադրիդ համայնքի դրոշները, ամեն օր ժամը 12.00-ին բնակիչները մեկ րոպե լռությամբ կհարգեն զոհերի հիշատակը։ Մադրիդում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 3082-ի»,-նշում է դեսպանությունը:
Իսպանիայում կորոնավիրուսից վարակվածների ընդհանուր թիվը 85 հազար 195 է: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 340 մարդ: Ապաքինվել է 16 հազար 780 մարդ:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։