Ռիչարդ Դոնչիան (Իմ լեգենդը) - 20-րդ դարի հայազգի տաղանդը Ուոլ Սթրիթում, ում մասին քչերը գիտեն

Ռիչարդի ծնողները Սամվել Դոնչիանը և Արմենուհի Դավուդը դեռ 1880-ականների համիդյան ջարդերի հետևանքով արտագաղթել էին Միացյալ Նահանգներ, Հարթֆորդ քաղաք, որտեղ էլ 1905 թվականի սեպտեմբերին ծնվում է Ուոլ Սթրիթի ապագա լեգենդներից մեկը՝ Ռիչարդ Դոնչիանը։

Ռիչարդ Դոնչիանը նախ սովորել է Հարթֆորդի տեղական դպրոցում, ապա ուսուցումը շարունակել է Յելի համալսարանում, որտեղ էլ ստացել է տնտեսագետի կոչում։ Ընտանեկան բիզնեսից զատ Դոնչիանը դեռ երիտասարդ տարիքից հետաքրքրված էր արժեթղթերի շուկայով։ Երիտասարդի առաջին փորձերը արժեթղթերի շուկայում պսակվում են փոքրիկ հաջողություններով, մինչև որ վերջինս կորցնում է գրեթե ողջ կարողությունը 1929 թվականի Մեծ դեպրեսիայի գնանկումների ժամանակ, որն էլ առիթ է հանդիսանում ավելի խորը ուսումնասիրել արժեթղթերի շուկայում գնի շարժը։

Դոնչիանի վրա մեծ ազդեցություն է թողել հաջողակ թրեյդեր Ջեյսի Լիվերմորը, ով ժամանակների ամենահարուստ մարդկանցից մեկն էր։

Դոնչիանն իր Ուոլ Սթրիթի կարիերան սկսում է 1930 թվականին, երբ մի շարք ֆինանսական ընկերությունների ներկայացնում է “Արժեթղթերի պիլոտ” աշխատությունը։ Իսկ արդեն 1933 թվականին Hemphill, Noyes & Co-ում ստանձնում է արժեթղթերի գլխավոր վերլուծաբանի պաշտոնը։

Երկրորդ համաշխարհային պատերազմը ստիպում է Դոնչիանին դադար վերցնել և վերջինս անդամագրվում է ԱՄՆ Ռազմաօդային ուժերին, որպես վիճակագրության մասնագետ։ Երկրորդ համաշխարհայինից հետո Դոնչիանը ինքնուրույն զբաղվում է արժեթղթերի շուկայի վերլուծություններով և խորհրդատվությամբ՝ մինչև 1960 թվականը։

Դոնչիանի կարիերայի բեկումնային փուլը գրանցվում է 1948 թվականին, երբ վերջինս սկսում է խորապես ուսումնասիրել տեխնիկական վերլուծությունը։ Դոնչիանը հայտանբերում է “Թրենդի հետապնդման” իր մոդելը, որը հիմնված է լինում տեխնիկամաթեմատիկական տվյալների և շարժի միջինացման վրա։ Աշխատության արդյունավետությունն այնքան բարձր է գնահատվում, որ մի շարք հոդվածներ հրապարակելուց հետո Դոնչիանին անվանում են “Թրենդին հետևելու հայրը” (The father of trend following)։ Ավելի ուշ Դոնչիանը հայտարարում է, թե զարմացած է՝ ինչպե՞ս է հնարավոր առանց տեխնիկական տարրերի լայն կիրառման շուկայում արդյունավետ առևտուր իրականացնել։

1960 թվականին Հայդեն Սթոնում Դոնչիանը նշանակվում է Ապրանքահումքային ակտիվների հետազոտությունների գծով տնօրեն։ Ավելի ուշ Դոնչիանը ստանձնում է Շեյրսոն Լեհման Բրադերսի փոխնախագահի պաշտոնը։

Լեգենդար թրեյդերի աշխատություններն ու ուսումնասիրությունները անգնահատելի արժեք են մնացել արժեթղթերի շուկայի ապագա զարգացման գործում։ Ավելի ուշ Դոնչիանի հետազոտությունները լայն կիրառություն են գտնում Լարի Ուիլիամսի, Ռիչարդ Դենիսի, Պաուլ Թուդոր Ջոնսի և շատ ու շատ այլ հայտնի ֆինանսիստների աշխատություններում։

Image may contain: 1 person, eyeglasses and closeup

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել