PR-ն այլևս չի աշխատում
Կառավարությունը երեկ հաստատել է հակաճգնաժամային գործողությունների հինգ փաթեթ և գործողությունների մեկ ծրագիր։ Ասել, որ կառավարությունը չի աշխատում ու միջոցներ չի ձեռնարկում կորոնավիրուսի հետևանքների դեմ պայքարելու համար, արդար չի լինի ու կնմանվի պարզունակ շահարկման։ Մյուս կողմից՝ վարչապետի կողմից հնչող գնահատականները, մեղմ ասած, քիչ աղերս ունեն իրականության հետ ու ավելի շատ նման են քարոզչական պաստառի։
Կառավարությունում օր ու գիշեր տքնում են, դա տեսանելի ու ողջունելի է, բայց որևէ մեկը վարչապետին չի ասում, որ հեղափոխական հռետորաբանությունն ու PR-ն այլևս չեն աշխատում ու բումերանգի էֆեկտով հարվածում են իշխանության հեղինակությանը։
Երկու տարին բավարար ժամանակ էր, որ կառավարությունը հրաժարվեր հեղափոխականությունից՝ գալով պետականավարության օրակարգին։ Չարվեց։ Կորոնավիրուսը վերջ տվեց հեղափոխականությանը՝ ապացուցելով, որ Նիկոլ Փաշինյանի թիմը հեղափոխական լուծումներ և «կախարդական փայտիկ» չունի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ասում էր, որ հակաճգնաժամային գործողությունների նպատակը ոչ թե գոյապայքարն է, այլ զարգացումը։ Չալարեցի, երեկ նայեցի կառավարության նիստի ձայնագրությունը ծայրից ծայր։ Կորոնավիրուսի հարուցած տնտեսական հետևանքների դեմ պայքարի փորձ տեսա, զարգացման տեսլական՝ ոչ։ Կառավարությունն ինչ-որ բան փրկել փորձում է, բայց «փոփոխվող աշխարհում մեր տեղը գրավելու» թեզը նման է «տնտեսական հեղափոխության» միֆին, որն ավելի շատ միտված է հասարակությանը քարոզչական կերակրմանը։
PR-ն այլևս չի աշխատում, եթե ամրապնդված չէ կոնկրետ ծրագրերով։ Եթե այս ճշմարտությունը Փաշինյանն ու նրա թիմը չգիտակցեն, ապա տնտեսական կոլապսը հաղթահարել հնարավոր չի լինելու։ Ու պետք չէ սվիններով ընդունել քննադատությունը, որովհետև պրագմատիկ լուծումներն՝ առանց պաթոսի, անհրաժեշտություն են։