Մեր օրերում ճանապարհորդելը հասանելի է մարդկանց մեծ մասին, իսկ դրա ուղղությունն ու տևողությունը կախված է միայն նախատեսվող բյուջեից: Անգամ եթե հնարավորություն ունեք պարզապես հարևան քաղաք այցելելու, ապա արեք դա. նոր արկածները երբեք չեն խանգարի:

Թե որ երկիր գնալ՝ ճանապարհորդելու, յուրաքանչյուրն ունի իր պատկերացումներն ու նախասիրությունները, սակայն հետաքրքրական է, որ այս հարցի վերաբերյալ աշխարհում գերակշոռ կարծիք գոյություն ունի: Ներքոհիշյալ քարտեզը ցույց է տալիս, թե համացանցի ակտիվ օգտատերերը որ երկրում են ցանկանում անցկացնել իրենց հանգիստը:

Ինչպես նկատում եք, մարդկանց ճնշող մեծամասնությունն առաջնահերթորեն կամենում է Իտալիա այցելել: Ինչո՞ւ հենց Իտալիա: Այս հարցին պատասխանելու համար մի քանի հանգամանք է հարկավոր հաշվի առնել:

Նախ՝ կարևոր նշանակություն ունի մեդիայի ազդեցությունը: Համաշխարհային հայտնիություն ձեռք բերած ֆիլմերի մեծ մասը նկարահանված է հենց այս երկրում կամ վերաբերում է հենց այս երկրին: Իտալիայի մասին հսկայական քանակությամբ գրքեր են գրվել:

Երկրորդ՝ Իտալիան ունի աշխարհում ամենամեծ մշակութային ժառանգությունը: Հռոմեական կայսրությունն իր ժամանակներում եղել է աշխարհի կենտրոնը: Լավագույն մտավորականները ջանք չեն գործադրել պետությունը զարգացնելու համար: Ճարտարապետները, նկարիչներն ու բանաստեղծներն իրական գլուխգործոցներ են ժառանգել:

Այս երկրում ամենամեծ քանակությամբ տեսարժան ու հետաքրքրաշարժ վայրեր կան: Հյուսիսում գտնվող վեհ Ալպերից մինչև հարավում գտնվող կոլորիտային Սիցիլիա, արևելքում գտնվող հրաշագեղ Ադրիատիկից մինչև արևմուտքում գտնվող ու Իտալիայի մարգարիտը համարվող Հռոմ. այս ամենը պարզապես չի կարող չգրավել զբոսաշրջիկներին:

Երրորդ՝ մեծ դեր ունի նաև խոհանոցը, որը համարվում է ամենահամեղն ու հայտնին աշխարհում: Իտալիայում քաղցած հաստատապես չեք մնա: Ողջ աշխարհում տարածում գտած պիցցայի ու պաստայի հայրենիքը, ինչպես հայտնի է, հենց Իտալիան է:

Իտալիային քարտեզի վրա հաջորդում է Իսպանիան, որը նարնջագույնով է ներկայացված: Այս երկիր, չգիտես ինչու, շատ են ցանկանում այցելել հատկապես աֆրիկացիները: Միգուցե պատճառն այն է, որր Եվրոպայում ամենատաք կլիման հենց Իսպանիա՞ն ունի: Իսպանիա են ցանկանում այցելել նաև մերձբալթյան երկրների բնակիչներն ու ուկրաինացիները:

Միաժամանակ չի կարելի անտեսել նաև Իսպանիայի մշակույթը, որը ոչնչով չի զիջում իտալականին: Տեղի բնակիչնեերի մենթալիտետը ավելի քան բռնկուն է, ինչն այնտեղ շփումն առավել հետաքրքրական է դարձնում: Խոհանոցն ավելի պարզ է, սակայն ևս համեղ ու յուրօրինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել