Factor.am-ը գրում է․
Այսօր Factor.am-ը գրել էր, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հսկիչ-տեսուչներին հրահանգել է բաժանորդ-բնակիչներից հավաքագրել սպառած գազի վարձավճարները: Ընկերությունից ցուցում է տրվել՝ բնակչի կողմից չվճարելու դեպքում դադարեցնել անհատական մատակարարումները:
Մեր այս հրապարակումից հետո Factor.am-ի խմբագրություն ահազանգեց Նար-Դոսի փողոցի առաջին նրբանցքի 4/3 շենքի բնակիչ Անդրանիկ Բարսեղյանը: Նա նշեց, որ իրեն մեկ ժամ ժամանակ են տրամադրել՝ սպառած գազի արժեքը վճարելու համար, հակառակ դեպքում, ասել են, կդադարեցնեն մատակարարումը:
«Գազի տեսուչն ասել է՝ եթե մինչև ժամը 4-ը չվճարեցիր, գալու եմ՝ անջատեմ: Ես օրավարձով եմ աշխատում, գումար չունեմ, որ վճարեմ: Մի քիչ ունեմ, բայց հացի փող եմ պահել: 37 հազար գազի վարձ է եկել, ես էլ 50 հազար ունեմ հետ գցած, ի՞նչ անեմ, տամ գազին, ես էլ անհաց մնա՞մ: Մի ամիս պետք է ապրեմ»,- ասաց նա:
Նար-Դոսի փողոցի առաջին նրբանցքի 4/3 շենքի գազի տեսուչը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ հրահանգ ունի՝ դադարեցնել գազի մատակարարումը: Վերջինիս հետ զրույցում ներկայացանք որպես բնակիչ-բաժանորդ՝ հստակ մանրամասներ ճշտելու նպատակով:
– Բարև Ձեզ, Նար-Դոսի փողոցի առաջին նրբանցքի 4/3 շենքի բնակիչ եմ, այսօր պետք է պարտադիր վճարե՞մ գազի վարձը:
– Հիմա պետք է վճարես: Ես արդեն դուրս եմ եկել անջատումների:
– Իսկ եթե չկարողանա՞մ վճարել:
– Կանջատեմ, հերթով գալիս եմ, հասել եմ Ձեր շենքին:
– Իսկ որ արտակարգ դրություն է, դա հաշվի չեք առնու՞մ:
– Արտակարգ դրությունը մեր առողջականի համար է, մեր «Գազպրոմ»-ում հրահանգ չկա, ոչ էլԿառավարության որոշում կա, որ չվճարեք:
– Չեմ աշխատում, «Գազպրոմ»-ում չգիտե՞ն, որ համատարած պարապուրդ է:
– Գազը մերը չի, ռուսինն է, պետք է փողը փոխանցենք:
– Այսինքն՝ գրասենյակից ասել են, որ վարձերը հավաքե՞ք, թե՞ սա տեսուչների նախաձեռնությունն է:
– Տեսուչների ձեռքը լինի, դուրս չենք գա, մեզ ստիպում են դուրս գալ գործի: Վիրուսից վախենում ենք, բայց դուրս ենք եկել:
– Բայց Դուք տարեց եք, պարետատնից ցուցում կա, որ հատուկ ժամերի պետք է դուրս գաք, չեք վախենու՞մ:
– Վնաս է, բայց ո՞վ է հաշվի առնելու, մեր ղեկավարությունը թքած ունի:
– «Գազպրոմ»-ը դիմակներ, ձեռնոցներ տրամադրո՞ւմ է տեսուչներին:
– Չէ, մենք ենք առել:
Նշենք, որ այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խնդրին անդրադարձավ նաև ՀՀ վարչապետը: Նա ասաց, որ պարետը հարցը քննարկել է «Գազպրոմ Արմենիա»-ի հետ, չվճարումների դեպքում անջատումներ չեն լինի: Նիկոլ Փաշինյանը, սակայն, ասաց, որ պետք է կարողանանք սոցալապես անապահով խավին առանձնացնել նրանցից, ովքեր հնարավորություն ունեն վճարումներ կատարել:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացրեց որ, համագործակցելով Պարետի հետ, ստեղծված իրավիճակը մինչև հայտարարված արտակարգ դրության ավարտը ճանաչել է բնակչության կողմից իրեն մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժոր։ Վճարումները չկատարելու դեպքում անջատումներ չեն լինի: