Pastinfo.am-ը գրում է․

Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ ձեռնարկվող հետապնդումը, մասնավորապես՝ որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշումն անհիմն է և պատշաճ փաստարկված չէ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հրանտ Անանյանը:

Ըստ նրա՝ մեղադրանքի հիմքում ընկած է այն, թե, իբր, 2008թ. դեկտեմբերի 25-ին Ավագանու նիստի ժամանակ, երբ քննարկվել ու որոշում է կայացվել վիճարկվող մանկապարտեզի վերակազմակերպման վերաբերյալ ենթադրյալ կեղծիք է տեղի ունեցել : Ըստ քննիչի՝ 2008թ. դեկտեմբերի 25-ին Ավագանու անդամ Դավիթ Դավթյանը ՀՀ-ում չի գտնվել, սակայն Ավագանու նիստին վերջինիս ներկայությունը հաստատվել է և ենթադրաբար նրա փոխարեն ստորագրել է այլ մարդ:

Փաստաբան Հրանտ Անանյանն այդ հարցով մտահոգություն է հայտնել և փաստաբանական հարցումով դիմել է Դավիթ Դավթյանին և վերջինս հերքել է ՀՀ-ից բացակայելու հանգամանքը՝ նշելով, որ ինքն էլ ենթադրաբար մասնակցել է նիստին: Ընդ որում՝ Դավթյանը փաստաբանին է ներկայացրել նաև իր անձնագրի բնօրինակը, որի համաձայն՝ նա գտնվել է ՀՀ-ում, ինչը, ըստ էության, հերքում է նախաքննական մարմնի առաջ քաշած վարկածը:

Փաստաբանն այդ հարցով մտահոգություն է հայտնել և փաստաբանական հարցմամբ դիմել Դավիթ Դավթյանին և վերջինս հերքել է ՀՀ-ից բացակայելու հանգամանքը՝ նշելով, որ ինքն էլ ենթադրաբար մասնակցել է նիստին: Ընդ որում՝ Դավթյանը փաստաբանին է ներկայացրել նաև իր անձնագրի բնօրինակը, որի համաձայն՝ նա գտնվել է ՀՀ-ում, ինչը, ըստ էության, հերքում է նախաքննական մարմնի առաջ քաշած վարկածը:

«Դատավորը հարցնում է ՝ Դուք ի՞նչի վրա եք կառուցել այս մեղադրանքը, քննիչը պատասխանում է, որ ամբողջ մեղադրանքը կառուցված է նրա վրա, որ Ավագանու նիստը չէր կարող իրավազոր լինել, քանի որ Դավիթ Դավթյանը գտնվել է ՀՀ-ից դուրս, հետևաբար՝ ապօրինի է նրա ներկայությունը, հետևաբար՝ նիստին նրա փոխարեն ինչ-որ մեկը ստորագրել է, նիստն իրավազոր չի եղել, այդ որոշումը կեղծ է և հետագա որոշումները, որոնք կայացվել են Երևան քաղաքի ավագանու կողմից, ապօրինի են: Դա իր մեկնաբանությունն է, մինչդեռ՝ ես ներկայացնում եմ անձի անձնագիրը, որով հավաստվում է, որ սահմանահատումների վերաբերյալ տեղեկանքում ինչ-որ տեխնիկական խոտաններ են առաջացել և անձը նման սերիայի անձնագիր չի էլ ունեցել, այլ սերիայի անձնագիր է ունեցել, որն օգտագործել է մինչև 2011թ.: Ամբողջ մեղադրանքը հօդս է ցնդում: Քննիչի միջնորդության հիմքը հօդս է ցնդում »,- ասաց Անանյանը:

Ճշգրտող հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ մեղադրանքի հիմքում կեղծ ապացույցներ են, Անանյանն ասաց, որ նման գնահատական տալ պետք չէ, պարզապես՝ նախաքննական մարմինը սխալ ուղղությամբ է գործի քննությունը կատարում:

«Գագիկ Բեգլարյանին որպես մեղադրյալ է ներգրավվել մի արարքի համար, որը իրականության հետ առնչություն չի կարող ունենալ»,- ասաց Անանյանը:

Նրա խոսքով՝ քննիչը հետաձգել է դատական նիստը՝ լրացուցիչ ճշտումներ անելու համար, տեղեկանքը ներկայացնելու համար, որի համաձայն՝ անձնագրի սերիան պատկանել է Դավթյանին: Փաստաբանի խոսքով՝ քննիչն այդպես էլ չի ներկայացրել ծանրակշիռ նյութերը , մինչդեռ՝ պաշտպանական կողմը ներկայացրել է նյութեր, այդ թվում՝ անձնագիրը:

«Դատարանը իրեն վերապահում է գնահատական հնչեցնել՝ առանց ձեռագրաբանական փորձաքննության, որ կարծես՝ 2008թ. Կենտրոնի ավագանու նիստի արձանագրության մեջ ստորագրությունը նման չէ Դավիթ Դավթյանի ստորագրությանը»,- ասաց Անանյանը՝ հավելելով, որ նույնիսկ նրա անձնագրի մեջ առկա ստորագրությունների մեջ տարբերություն կա:

Նշենք, որ կալանքի միջնորդության քննարկումը դատարանում պարբերաբար հետաձգվում էր: Անանյանի խոսքով՝ իրավիճակ էր առաջացել, որ Բեգլարյանին վերագրվող արարքը չէին կարողանում հիմնավորել՝ անգամ հիմնավոր կասկածի մակարդակով:

Անդրադառնալով դատարանի որոշմանը՝ Անանյանն ասաց, որ այն փաստարկված և հիմնավորված չէ և պատրաստվում է Վերաքննիչ բողոք ներկայացնել:

Բացի այդ՝ փաստաբանը նշեց, որ Բեգլարյանի նկատմամբ հետախուզում հայտարարելով փորձում են զարգացնել այն վարկածը, որի համաձայն՝ Բեգլարյանը խուսափել է քննությունից, մինչդեռ՝ Գագիկ Բեգլարյանին չեն հրավիրել հարցաքննության՝ անգամ վկայի կարգավիճակով: Փաստաբանի խոսքով՝ Բեգլարյանը ներկայումս բուժում է ստանում արտերկրում և բուժումն ավարտելուց հետո կվերադառնա Հայաստան:

Անանյանն ընդգծեց, որ Բեգլարյանի նկատմամբ ձեռնարկվող հետապնդումը, մասնավորապես՝ որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշումն անհիմն է և պատշաճ փաստարկված չէ:

«Խուսափելու և թաքնվելու վերաբերյալ դատողությունները ևս անհիմն են: Ստացվում է, որ, եթե անձին այսօր ծանուցագիր են ուղարկում վաղը ներկայանալու համար, ինքը պետք է կայծակնային արագությամբ հայտնվի ՀՀ-ում՝ անկախ գտնվելու վայրից: Նման խնդրի կարող է հանդիպել ՀՀ ցանկացած քաղաքացի: Իրավաչափ գնահատել՝ անհապաղ նրան նկատմամբ հետախուզում հայտարարելը և կալանավորման միջնորդությամբ դատարան դիմելը, կարծում եմ դա մեղմ ասած նոնսենս է »,- ասաց Անանյանը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Գագիկ Բեգլարյանը որպես մեղադրյալ ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու և 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Բեգլարյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ և դրա օգտագործմամբ յուրացրել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը՝ 233.470.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ Երևան քաղաքի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզը:

ԱԱԾ քննչական դեպարտամենտը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, ինչը դատարանը բավարարել է: Բեգլարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել