Ամերիկյան Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքի բնակիչներից մեկը խոսել է կորոնավիրուսային վարակի ախտանիշների մասին: ABC 7 Chicago-ի լրագրողները զրուցել են նրա հետ:
Դեբրա Ուեսթալթը խոստովանել է, որ իր ընկերներից ոմանք չեն հավատում, որ COVID-19-ը իրական է, հետևաբար, երբ նրան ախտորոշել են այս հիվանդությունը, նա Facebook-ում հաղորդագրություն է տեղադրել՝ նկարագրելով հիվանդության ախտանիշները:
«Ես տենդ չունեի, ուստի չէի մտածում, որ կորոնավիրուս ունեմ: Բայց հիմա հաստատ գիտեմ, որ ես հիվանդ եմ», – ասում է Ուեսթալթը, ով նախկինում առողջացել էր կրծքի քաղցկեղից:
«Ես ամբողջ մարմնում ցավ էի զգում և դադարել էի զգալ սննդի համը»,- գրել է նա: Ամերիկուհին ասել է, որ ախտանիշներ ունեցել է մոտ տասը օր առաջ: Այժմ նա գտնվում է մեկուսացման մեջ և ամենից շատ կարոտում է իր շներին, որոնք գտնվում են ընկերոջ հետ մինչև նրա առողջանալը:
Ուեսթալթը հայտարարել է, որ Facebook-ում գրառում անելուց հետո ընկերները սկսել են աջակցել նրան: «Կարծում եմ, որ շատ մարդկանց համոզեցի վիրուսի իրականության մեջ` դառնալով դրա գոյության կենդանի ապացույց»,- ասաց նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայից ժամանած բժիշկը, ով առողջացել է կորոնավիրուսից, մանրամասն նկարագրել է հիվանդության ախտանիշները: Ամեն ինչ սկսվում է չոր հազով և ուժեղ կոկորդային ցավով, այնուհետև բարձրանում է ջերմությունը և դող սկսվում:
Համաձայն վերջին տվյալների ՝ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 341 հազար դեպք: Մահացել է շուրջ 14,7 հազար հիվանդ, առողջացել է 98,8 հազար հիվանդ: