Գիտությունը վաղուց հետաքրքրվում է մարդու՝ ծերանալու գործընթացով և այն գործոններով, որոնք ազդում են դրա վրա: Օրինակ՝ միայն վերջերս Մոսկվայի հոգեբանական-մանկավարժական պետական համալսարանի գիտնականների խումբը ուսումնասիրություն է անցկացրել, որի արդյունքում պարզել է, որ սերտ կապ կա մարդու ծերության ու մասնագիտության միջև: Արդյունքները անսպասելի էին:

Ըստ գիտնականների ունեցած տվյալների՝ նույն տարիքի մարդիկ կենսաբանական ու հոգեկենսաբանական ծերացման տարբեր արագություններ են գրանցում: Եվ դրանում գլխավոր գործոնը հանդիսանում է նրանց աշխատանքը: Սակայն, ինչն ավելի հետաքրքրական է, նույն մասնագիտությունն ունեցող ու նույն տարիքի տղամարդկանց ու կանանց մոտ ցուցանիշները ևս տարբերվում են:

Այսպես, գիտնականները պարզել են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների շրջանում առավել արագ են ծերանում ֆիզիկական աշխատանք կատարողները, իսկ ահա մտավոր աշխատանք իրականացնող կանայք առավել երկար են երիտասարդ մնում: Սակայն այս սկզբունքը գործում է մինչև 35 տարեկանը. հետագայում տարբերությունը պակաս նկատելի է դառնում:

Իսկ ահա տղամարդկանց մոտ ամեն ինչ հակառակն է: Ֆիզիկական աշխատանք կատարող մինչև 35 տարեկան տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում ինչպես կենսաբանական, այնպես էլ հոգեբանական առումներով: Եվ տարիքի հետ միասին տարբերությունը ֆիզիկական և մտավոր աշխատանքներ կատարող տղամարդկանց միջև միայն մեծանում է:

Եթե համեմատենք նույն մասնագիտությունն ունեցող տղամարդկանց ու կանանց, ապա մեծ մասամբ՝ ուժեղ սեռի ներկայացուցիչներն առավել արագ են ծերանում: Դա հատկապես վերաբերում է մտավոր գործունեություն իրականացնող մարդկանց: Ուսումնասիրողներն այս երևույթը կապել են սթրեսի բարձր մակարդակի և էմոցիոնալ լարվածության հետ: Նշվում է նաև, որ թոշակի տարիքի հասնելու պահից ծերացումը բոլորի մոտ նույն արագությամբ է սկսում ընթանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել