Operativ.am-ը գրում է.
Նավթային թրեյդերները, որոնք ՕՊԵԿ+-ի գործարքի տապալման եւ նոր կորոնավիրուսի պատճառով շուկայի փլուզում են ապրում, հայտնել են, որ իրավիճակը կարող է վատթարանալ եւ նավթի արժեքը կընկնի բարելի դիմաց մինչեւ 20 դոլար եւ ավելի ցածր, հայտնում է Bloomberg-ը:
Այսպիսի կանխատեսում են կատարել գործակալության հարցմանը մասնակցած 20 մասնագետից 18-ը: Նրանց կարծիքով՝ WTI տեսակի նավթը վաճառվելու է եւս 3-5 դոլարով էժան: Ընդ որում՝ այսպիսի ցածր գինը կարող է պահպանվել ինչպես մի քանի շաբաթ, այնպես էլ մինչեւ տարվա վերջ, նշել են գործակալության զրուցակիցները:
Հնդկական նավթագազային Bharat Petroleum Corp ընկերության տնօրեն Ռամամուֆրի Ռամաչանդրանի խոսքով՝ նավթը 20 դոլար նիշը «հեշտությամբ կանցնի» արդեն ապրիլի կեսին: Չնայած այն հանգամանքին, որ ընթացիկ տարում նավթն արդեն 60 տոկոսով էժանացել է՝ հասնելով մինչեւ 2003 թվականի նվազագույնին, նշում է գործակալությունը:
Ընդ որում՝ մի շարք թրեյդերներ նշել են, որ նավթի արժեքն այնքան սաստիկ է ընկել, որ խաղացողների մի մասը սկսել է վառելանյութ գնել՝ ապագա աճի հույսով պաշարելու համար, նշում է Bloomberg-ը: Մյուս թրեյդերները կարծում են, որ գները կշարունակեն նվազել մինչեւ այն մակարդակ, որի դեպքում արտադրողները կդադարեն շահույթ ստանալ, ինչը նրանց կստիպի դադարեցնել արդյունահանումն ու մատակարարումները: Թրեյդերների մի մասը նվազագույն նիշ է համարում ամերիկյան թերթաքարային նավթի արտադրության արժեքը:
«WTI-ն կընկնի ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ինքնարժեքից ցածր, որը կազմում է [բարելի դիմաց] մոտ 20 դոլար»,- հայտարարել է չինական Shanghai Youlin Investment Management հեջ ֆոնդի վերլուծաբան Սո Չժան Չենֆենը: Նրա կարծիքով՝ մեկ ամսում նավթային գնանշումները կարող են հասնել 15 դոլարի:
Խոշորագույն բանկերի վերլուծաբանները նույնպես կարծում են, որ առաջիկա ամիսներին նավթի արժեքը կշարունակի նվազել: Goldman Sachs-ի փորձագետները, մասնավորապես, հայտնել են, որ բանկը Brent-ի արժեքը 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար նվազեցրել է 10 դոլարով՝ բարելի դիմաց մինչեւ 20 դոլար:
Իր հերթին, Citigroup-ի բազային սցենարը 2-րդ եռամսյակում Brent-ի բարելը նախատեսում է միջինը 17 դոլար կամ ավելի ցածր: Բանկի իրադարձությունների զարգացման վատթարագույն տարբերակը նախատեսում է նավթի գնանկում բարելի դիմաց մինչեւ 5 դոլար կամ մի շարք տարածաշրջաններում անգամ բացասական իրական գներ՝ պահուստարանների պակասի եւ լոգիստիկայի հետ կապված խնդիրների պատճառով:
Energy Aspects քոնսալթինգային ֆիրման նշել է, որ ապրիլին Brent-ի արժեքը կարող է նվազել բարելի դիմաց մինչեւ 10 դոլար, չնայած այն հանգամանքին, որ 2020 թվականին գներն ընդհանուր առմամբ, ամենայն հավանականությամբ, կմնան 20 դոլար մակարդակում: Mizuho Securities USA LLC ներդրումային ընկերության վերլուծաբան Փոլ Սանկին նույնպես նշել է բացասական գներով տարբերակը, որը, նրա կարծիքով, հնարավոր է, եթե թերթաքարային նավթի արդյունահանումն ավելի արագ չկրճատվի, քան պաշարներ կկուտակվեն: Բայց սա կասկածելի սցենար է, կարծում է նա:
«Սա «Անապատում փոթորիկ» գործողություն է, Enron, 9/11, Կատրինա/Ռիտա մրրիկներ եւ Lehman Bros միասին վերցրած: Եվ մենք այս կոմբոյի հետ ենք արթնանում ամեն օր»,- հայտարարել է Schork Group Ink էներգետիկ քոնսալթինգային ընկերության ղեկավար Սթիվեն Շորկը:
Նավթի գները սկսել են նվազել ՕՊԵԿ+-ի գործարքի տապալումից հետո եւ նոր կորոնավիրուսի համաճարակի ֆոնին: Մարտի 18-ին Brent տեսակի նավթի արժեքը իջել է բարելի դիմաց 25 դոլարից ցածր, իսկ WTI-ի գինը 2002 թվականի փետրվարից ի վեր առաջին անգամ ընկել է 21 դոլարից ցածր: Մարտի 19-ին Brent-ի արժեքն աճել է ավելի քան 17 տոկոսով, WTI-ի արժեքը՝ 35 տոկոսով: