Երեկ մեր պետականության հիմնադիր հայրերից Արամ Մանուկյանի ծննդյան օրն էր: Այս օրերին հազար ու մի տագնապով ծանրաբեռնված, տրտում միտքս սավառնում է ժամանակի մեջ, անցյալից արձագանքեր ու դասեր փնտրում: Հետո փորձում է հասկանալ վարակին ու ճգնաժամին անփուսափելիորեն հաջորդող ապագայի նոր աշհարհակարգում մեր՝ իբրև պետության անելիքները, վարքագիծն ու մարտահրավերները:
Իսկ մինչ այդ Արամի հետ եմ, որ ստանձնել էր ներքին գործերի նախարարի պաշտոնն ու կյանքը զոհեց հանուն պետականության՝ դառնալով այդ օրերին մոլեգնող տիֆի զոհ:
Այդ օրերին պետականության համար զոհաբերությունը ոչ արտասովոր էր, ոչ էլ՝ քննարման հարց: Առաջին վարչապետ Քաջազնունու որդին՝ Արամն, ընկել էր թուրքերի դեմ մղվող մարտերում, իսկ Ղարաքիլիսայի մարտերում անհայտ կորել էր մյուս վարչապետի` Օհանջանյանի Մոնիկ որդին: 1918թ. Վանում զոհվեց Հ. Թումանյանի Արտավազդ որդին: Որքան էլ ծանր է ու անողոք, բայց այսպիսին է անկախության և պետականության գինը: Ու սա հասկացել էին բոլորը՝ մտավորականից մինչև վարչապետ:
Արտակարգ դրության երրորդ օրն է: Աշխարհը փակված ու կաթվածահար մի փոքր կաթսա է դարձել, ուր բոլորին միացնում է միայն վարակակիրների մասին համաշխարհային թվատախտակը: Մենք մխիթարվում ենք զոհերի բացակայությամբ ու սպասում հետոյին: Իհարկե, վարակից հետո էլ կյանք կա: Բայց, հաստատ, ուրիշ որակներով, ուրիշ միջավայրում, խաղի այլ կանոններով, ուր մեծագույն դերակատարություն ունեն իշխանություն իրականացնողների պետականության գիտակցության իմունիտետը, արժեքային համակարգն ու դրանց նվիրվելու ինքնամոռաց խիզախումը:
Այս օրերին, երբ համաշխարհային տագնապն ու ճգնաժամը, բոլորից, իշխանություն իրականացնողներից հատկապես՝ աննախադեպ որակներ, ներազգային համախոհություն է պահանջում, ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանը հայտարարում է, որ դատական համակարգը չի վայելում ժողովրդի մեծամասնության վստահությունը, հետևաբար հրաժարվում է կատարել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումն ու ներողություն խնդրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրենից:
Անկեղծ ասած, իմ ոչ կարճ կյանքում, գոնե մեր երկրում, չեմ հիշում նման դեպք, երբ դատարանի որոշումն այսպես արհամարհվեր, այն էլ՝ գործադիր իշխանության բարձր ներկայացուցչի կողմից:
Սա ի՞նչ է՝ քաղաքական ցինիկություն, քաղաքացիական անհնազանդություն, թե՞ տհասություն… Բայց սա սոսկ դատական իշխանության նկատմամբ արհամարհանք չէ, սա արհամարհանք է պետականության, օրենքի, սահմանադրականության, մեր ողջ պետական ժառանգության նկատմամբ, որի մի հատվածը կառավարելու <<բախտին>> է արժանացել նույն նախարարը:
Սա պետությունն ու նրա ինստիտուտները քաոսի տանելու ամենակարճ ճանապարհն է, այն էլ արտակարգ դրության պայմաններում: Ի դեպ, անցյալն այդքան հիվանդագին ու մոլեռանդ մերժող նախարարը գիտի՞ արդյոք, որ ՀՀ-ում այսօր գործող արտակարգ դրությունն հայտարարվել է՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքով, որն ընդունվել է նախկինների ժամանակ:
Արդյոք ես կամ ուրիշները, նկատի ունենալով նախարարի վարքագիծը, նրա հանգույն կարող ենք հայտարարել, թե նախարարը չի վայելում մեր վստահությունը, հետևաբար չենք հավատում վարակի դեմ պայքարի նրա քաղաքականությանն ու գործողություններին: Իրավունք ունենք, իրավունքը նաև նախադեպով է հիմնավորվում…
Բայց լավ է, որ մեր հասարակության մեջ, այնուամենայնիվ, կան ինստիտուցիոնալ հիշողությամբ և պետական արժեքներով առաջնորդվող քաղաքացիներ, ովքեր, մանավանդ, համազգային տագնապի պահին պետական ու ազգային շահով ուղղորդվել գիտեն…
Սա էլ կանցնի, վարակից հետո կյանք կա, ուրիշ կյանք, ուրիշ քաղաքական, բարոյական ու ազգային ազդակներով, և այդ իրականության մեջ ոչ ազգային, ոչ պետական մտածողությամբ, այս հողի հետ կապ չունեցող մարդիկ, նրանք, ովքեր չունեն մեր հայրենիքը հզոր ու միասնական տեսնելու երազանք, տեղ պիտի չունենան…
20.03. 2020