Factor.am-ը գրում է․

Եվրահանձնաժողովը մտադիր է 2 միլիոն եվրո հատկացնել Եվրամիության տարածքում գործող ՀԿ-ներին՝ Հայաստանում ԶԼՄ-ների ազատության ամրապնդման համար: Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի նախաձեռնած նոր մրցույթին:

«Մրցույթի նպատակն է խթանել ժողովրդավարությունը, ԶԼՄ-ների համար կենսունակ միջավայրի զարգացումը և լրատվամիջոցների ազատությունը` խրախուսելով Հայաստանում անկախ, պրոֆեսիոնալ, ավելի նորարարական և ֆինանսապես կայուն լրատվադաշտի ստեղծումը», – նշվում է Եվրահանձնաժողովի փաստաթղթում:

Դրամաշնորհային մրցույթին կանոնների համաձայն՝ նախագծով ծրագրված գործունեության ոլորտներից մեկը լրագրողական նյութերի թվի ավելացմանն ուղղված միջոցառումների իրականացումն է, որի նպատակը մեդիագրագիտության մակարդակի բարձրացումն է, քննադատական մտածողության խորը ընկալման խթանումը և ապատեղեկատվության դեմ պայքարը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նախաձեռնությունները, որոնք հավակնում են մասնակցել ծրագրին, կարող են ուղղված լինել նաև լրագրության մեթոդների ու չափորոշիչների բարելավմանը: Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքը կլինի քաղաքական հարցերի շուրջ երկխոսության խթանման գործում ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների ամրապնդումը, ինչպես նաև քաղաքացիների համար տեղեկատվության անկախ և հուսալի աղբյուրների հասանելիության բարձրացումը:

Russia Today-ը հայտնում է, որ դրամաշնորհի համար կարող են դիմել Եվրամիության տարածքում հիմնադրված հասարակական կազմակերպությունները, որոնք համագործակցում են Հայաստանում ստեղծված առնվազն երկու համահիմնադիր կազմակերպությունների հետ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել