Politik.am-ը գրում է․

Մինչ իշխանություններն արտակարգ դրության պատրվակով սահմանափակում են լրատվամիջոցների աշխատանքները՝ պատճառաբանելով, թե լրատվամիջոցները խուճապ են տարածում, Ազգային Ժողովի «ամենաանկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանը շարունակում է խուճապային տրամադրություններ տարածել։ Բաբաջանյանը մի քանի օր է՝ «պայքարում» է, որպեսզի փակվեն առևտրի կենտրոնները, որպեսզի մարդկային կուտակումներ չլինեն։

Պատգամավորի ամբողջ ինքնագովազդը լուսաբանվում է իր իսկ լրատվամիջոցի կողմից։ Պատգամավորն իբրև թե պայքարում է կորոնավիրուսի տարածման դեմ, բայց նրա ինքնագովազդի գործողություններին մասնակցում է 20-ից ավելի մարդ՝ առևտրականներ, լրագրողներ և օպերատորներ։

Հիշեցնենք, որ արտակարգ դրության հրամանագրով արգելվում է 20 և ավելի մարդկանց մասնակցությամբ հանրային միջոցառումներ անցկացնել։ Արգելվում է նաև կորոնավիրուսի մասին տեղեկություններ տարածել, որը կտարբերվի պաշտոնական տեղեկատվությունից։ Այս տեսանկյունից անհասկանալի են Արման Բաբաջանյանի գործողությունները։

Մեզ հետ կապ են հաստատել մի շարք առևտրականներ և պնդել, որ պատգամավորի գործողությունները խուճապ են տարածում իրենց շրջանում։ Առևտրականները փորձել են կապ հաստատել պարետատան հետ, սակայն դա նրանց չի հաջողվել, և այդ պահին նրանց համար անհասկանալի է, թե ում անունից է գործում Արման Բաբաջանյանը։

Երկրում տիրող համաճարակաբանական վիճակի և հարակից հարցերի վերաբերյալ փորձեցինք կապ հաստատել պարետատան մամուլի հետ կապերի պատասխանատու Մանե Գևորգյանի հետ՝ պարզելու՝ ու՞մ հրահանգով է պատգամավորը նման գործունեություն իրականցնում, և արդյո՞ք Արման Բաբաջանյանի գործողությունները համաձայնեցված են պարետատան հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Փորձեցինք Մանե Գևորգյանի հետ կապ հաստատել ֆեյսբուքով, սակայն այս կերպ նրան հասցեագրված մեր հարցը ևս անպատասխան մնաց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել