Armenpress.am-ը գրում է․

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն մշտապես կապի մեջ է արտերկրում ապրող հայազգի անձանց հետ և ամեն օր համապարփակ տեղեկություն է ստանում նրանց մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Նոր տիպի կորոնավիրուսի էպիկենտրոն հանդիսացող երկրներում՝ Իտալիայում և Չինաստանում, հայկական համայնքը համեմատաբար փոքր է։ Ֆրանսիայում, որտեղ հիվանդությունն արդեն բավականին համատարած բնույթ է կրում, մեր համայնքը մեծ է։ Բոլոր այն երկրները, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները, զերծ չեն մնա այս իրավիճակից, խոսքը ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի մասին է, սակայն մեր գրասենյակն ամենօրյա կապի մեջ է մեր համայնքների, առանձին անձանց, համայնքը ներկայացնող կազմակերպությունների, դիվանագիտական աշխատակազմի հետ։ Մենք փորձում ենք ամենօրյա համապարփակ տեղեկություն ունենալ աշխարհի տարբեր երկրների մեր հայկական համայնքներում ապրող անձանց մասին»,- նշեց Սինանյանը։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 122-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել