Shantnews.am-ը գրում է․
Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նավթի գնի նվազումը համաշխարհային տնտեսության վրա: «Հեռանկար»-ի տաղավարում, պատասխանելով այս հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.
«Ժամանակակից աշխարհում իրավիճակն այնպիսին է, որ դժվար է ասել՝ ինչն է ձեռնտու, ինչը՝ ոչ: Ամենամեծ պրոբլեմն անորոշությունն է, ընդ որում, թե ինչ է լինելու 5 ամիս հետո, 6 ամիս հետո, ու ոչ միայն առողջապահական, այլև տնտեսական իմաստով: Աշխարհի բորսաները կանգնած են, որովհետև ոչ ոք չգիտի, թե այս համաճարակն ինչպես է ազդելու մարդկանց տնտեսական և սպառողական վարքագծի վրա: Այն աշխարհը, որում ապրում էինք հունվարին, այլևս չի լինելու, լինելու է բոլորովին ուրիշ»:
Վարչապետի խոսքերով՝ կա մեկ այլ անորոշություն նույնպես՝ իսկ ինչպիսի՞ն է լինելու սպառողի վարքագիծը. եթե մարդիկ հունվարին նախընտրում էին, ենթադրենք, կոնյակ, պաղպաղակ ու պիցցա, և դրա շուրջ կառուցվում էր ամբողջ արտադրական սպառողական տրամաբանությունը, հարց է՝ իսկ ի՞նչ է լինելու կորոնավիրուսից հետո, մարդիկ ի՞նչ ապրանքներ են նախընտրելու սպառել, ինչի՞ վրա են փող ծախսելու և ինչի՞ միջոցով են փող աշխատելու. դա ամենամեծ անորոշությունն էր:
«Այս անորոշությունները մեզ համար բացելու են նոր հնարավորություններ, մենք այս ամենին նայելու ենք ոչ թե որպես ողբերգություն, փառք Աստծո, կորոնավիրուսից ոչ մի զոհ չունենք և հուսով եմ՝ չենք ունենա, պետք է սրան նայենք որպես հնարավորություն Հայաստանի տնտեսական, քաղաքական դիրքերն աշխարհում ուժեղացնելու համար: Սա մենք դիտում ենք որպես զրոյական կետ, ազդակ, որ տնտեսական հեղափոխության ժամանակը իրոք եկել է»,- նշեց նա: