ՀՀ ՊԱՐԵՏ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻՆ
ԴԻՄՈՒՄ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Հարգելի պարոն Ավինյան,
Համաձայն ՀՀ կառավարության 16.03.2020թ. 298-Ն որոշման (այսուհետ՝ նաև Որոշման) 23-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղում կատարելով:
Նույն որոշման 24-րդ կետի համաձայն՝ նշված «հաղորդումները չպետք է հակասեն պաշտոնական տեղեկատվությանը և պետք է հնարավորինս վերարտադրեն այն», իսկ 26-րդ կետով նախատեսվում է, որ «սահմանված դրույթների խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողմից»:
Սահմանադրության 76-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները «կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը»։
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավունքների և ազատությունների սահմանափակումները «պետք է կիրառվեն բացառապես այն նպատակներով, որոնց համար նախատեսվել են, և պետք է լինեն համաչափ հիշյալ նպատակների համեմատությամբ», ինչը ենթադրում է, որ տեղեկատվություն ստանալու և հաղորդելու, խոսքի ազատության իրավունքները չեն կարող անհամաչափ սահմանափակվել, և կիրառված սահմանափակումները պետք է լինեն պիտանի և անհրաժեշտ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3 հոդվածի 8-րդ կետի՝ «Զանգվածային լրատվամիջոցների կողմից արտակարգ դրության ժամանակ արգելված հրապարակումների, հաղորդումների թողարկումը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով», ինչը գերազանցում է բազմաթիվ լրատվամիջոցների ամսական բյուջեն և կարող է դիտվել անհամաչափ և չափից խիստ պատասխանատվությանբ միջոց։
Արդյունքում Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում վարակման առկա դեպքերը, անձանց առողջական վիճակը, վարակի աղբյուրների և հետագա զարգացումը լուսաբանող զանգվածային լրատվության միջոցները կարող են հայտնվել անելանելի վիճակում։
Մի շարք լրատվամիջոցների, կազմակերպությունների, փորձագետների ու լրագրողների կողմից արդեն իսկ արտահայտվել են մտահոգություններ, որ Որոշման որոշ դրույթներ և դրանց հնարավոր մեկնաբանություններ զուրկ են կանխատեսելիությունից և որոշակիությունից ու, հետևաբար, կարող են իրավակիրառ մարմինների կողմից կիրառվել կամայականորեն՝ կոպտորեն խախտելով ինչպես ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված կարծիքի արտահայտման ազատությունը, այնպես էլ սահմանադրական մի շարք այլ սկզբունքներ։
Խնդրում ենք պարզաբանումներ ներկայացնել ստորև ներկայացված հարցերի շուրջ։
- Բացի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3 հոդվածի 8-րդ կետով նախատեսված վարչական իրավախախտումից՝ արդյո՞ք ՀՀ օրենսդրությունը ԶԼՄ-ների համար նախատեսում է պատասխանատվության այլ տեսակներ կառավարության որոշման պահանջները խախտելու համար, և եթե այո, ապա որո՞նք են դրանք։
- Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3 հոդվածի 8-րդ կետի իմաստով որո՞նք են համարվում «Զանգվածային լրատվամիջոցներ», և որո՞նք են դրանց որոշակիացնելու չափորոշիչները։ Արդյո՞ք սոցիալական ցանցերում սեփական մշտական էջեր, ալիքներ կամ այլ հարթակներ ունեցող ֆիզիկական ու իրավաբանական բոլոր անձինք համարվում են լրատվամիջոցներ, եթե ոչ, արդյո՞ք տպագիր և հեռարձակող մամուլի՝ համապատասխան էջերն ու ալիքները ևս դուրս են մնում նշված կարգավորումից։
- Եթե օրենքի իմաստով սոցիալական ցանցերում սեփական մշտական էջեր, ալիքներ կամ այլ հարթակներ ունեցող ֆիզիկական անձինք չենք համարվում լրատվամիջոցներ, արդյո՞ք ՀՀ օրենսդրությունը նախատեսում է որևէ պատասխանատվության նրանց կողմից տարածվող տեղեկատվությունը կառավարության որոշման պահանջներին հակասելու դեպքում։ Եթե նման պատասխանատվություն չի նախատեսում, արդյո՞ք ֆիզիկական անձանց և ԶԼՄ-ների համար չի՞ ստեղծվում անհավասար գործունեության դաշտ։
- «Ֆիզիկական և իրավաբանական անձինք» հասկացությունն արդյո՞ք ներառում է բացառապես ՀՀ ռեզիդենտներին և չի տարածվում այն լրատվամիջոցների կամ հրապարակային հարթակների վրա, որոնք գրանցված են ՀՀ սահմաններից դուրս, սակայն հեռարձակվում են կամ տարածվում են նաև ՀՀ տարածքում, այդ թվում՝ հայերեն լեզվով։ Եթե դա վերաբերում է միայն ՀՀ ռեզիդենտներին, արդյո՞ք ՀՀ սահմաններից դուրս ապրող, բայց պարբերաբար կերպով նման հաղորդումներ տարածող անձինք չեն հայտնում ավելի բարենպաստ իրավական վիճակում։
- Արդյո՞ք «ՀՀ տարածքներ» հասկացությունը ներառում է նաև Արցախի Հանրապետության տարածքը, եթե ոչ, ապա ինչպե՞ս են կանոնակարգվում ԼՂՀ-ից ստացված տեղեկությունների փոխանցման, հրապարակման հետ կապված հարաբերությունները։
- Որոշման կարգավորումների ներքո ո՞րն է «խուճապ» և «խուճապային տրամադրություն» հասկացությունների ծավալը, և որո՞նք են դրանց որոշման չափանիշները։ Արդյո՞ք «խուճապ» հասկացությունը որոշման իմաստով տարածվում է միայն արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների, այն է՝ նոր կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկություններին, թե ենթադրում է լրացուցիչ այլ հանգամանքներ (օրինակ՝ ռազմա-քաղաքական իրադրությունը Հայաստան-Ադրբեջան, Արցախ-Ադրբեջան, արտակարգ դրության ռեժիմի պահպանման հետ կապված միջոցառումների և խախտման դեպքերի բացահայտումը և այլն)։
- Արդյոք «պաշտոնական տեղեկատվությունը» բացառապես ՀՀ պետական պաշտոնատար անձանց կողմից հայտնած տեղեկություններն են, եթե այո, ապա որո՞նք են դրանց հաղորդման եղանակները։ Արդյո՞ք սոցիալական ցանցերի անձնական էջում հրապարակված տեղեկատվությունը կարող է համարվել պաշտոնական տեղեկատվություն, և ի՞նչ գործողություններ են նախատեսվում այն դեպքում, երբ այդօրինակ տեղեկատվությունը տարածվել է ԶԼՄ-ներով, սակայն պաշտոնատար անձը հեռացրել է այն իր անձնական տեղեկատվական տարածքից և տեղեկությունը պոստֆակտում գնահատվել է խուճապային իրադրություն առաջացնող։
- Արդյո՞ք Զանգվածային լրատվության միջոցը կարող է հրապարակել կամ տարածել օտարերկրյա պետությունների ու միջազգային կառույցների պաշտոնատար անձանց՝ վարակի վերաբերյալ հայտնած տեղեկությունները, թե՞ դրանց տարածումն արգելված է ՀՀ տարածքում։
- ՀՀ կառավարության 16.03.2020թ. 298-Ն որոշման իմաստով ո՞րն է «պետական պաշտոնատար անձ» հասկացության ծավալը։ Արդյո՞ք այն ներառում է ծառայողական որոշակի լիազորություններով օժտված սահմանափակ թվով անձանց, թե՞ տարածվում է պետական և տեղական ինքնակառավարման համակարգում պաշտոններ զբաղեցնող բոլոր անձանց վրա։ Նույն որոշման իմաստով արդյոք «պետական պաշտոնատար անձ» հասկացությունը ներառում է միջազգային կառույցներում և օտարերկրյա պետություններում, մասնավորապես՝ Արցախի Հանրապետությունում, պաշտոնավարող անձանց վրա։
- Ինչո՞վ պետք է առաջնորդվեն ԶԼՄ-ները և տեղեկատվություն տարածող այլ սուբյեկտները, եթե պետական պաշտոնատար անձանց հայտնած տեղեկություններում առկա է հակասություն, ակնհայտ չճշտված տեղեկություններ և ապատեղեկատվություն։
- Արդյո՞ք լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումները վերաբերում են միայն հայերեն բովանդակությանը, թե՞ դրանք համաչափորեն տարածվում են նաև օտարալեզու տեղեկատվության վրա։ Սույն հարցի պարզաբանումը կարևոր է այնքանով, որ Հայաստանի բազմաթիվ ԶԼՄ-ներ տարիների ընթացքում լսարան են ձեռք բերել օտարերկրյա և օտարալեզու շուկաներում, և տեղեկատվական հոսքերի մեխանիկական ընդհատումը կհանգեցնի ձեռքբերումների կորստի։
- Որոշման 26-րդ կետը ամրագրում է, որ սահմանված խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման, սակայն հայտնի չէ, թե ով է լիազորված այդ խախտումները հայտնաբերել և ի՞նչ կարգով ու եղանակով է խախտման հեղինակը ծանուցվում այն վերացնելու մասին։
- Ո՞ր դեպքերում է համապատասխան հաղորդման հեռացումը համարվելու «անհապաղ» և ի՞նչ չափանիշների հիման վրա։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված դիմումի մեջ բարձրացված հարցերի պատասխաններն մի կողմից անհրաժեշտ են արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների գործունեությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության որոշման պահանջներին, մյուս կողմից՝ ապահովել լրատվական դաշտի համար իրավական կանխատեսելիությունն ու որոշակիությունը, ինչպես նաև և իրենց սահմանադրական առաքելությունը կատարելու համար բավարար պայմաններ, խնդրում ենք հնարավորինս շուտ պատասխանել սույն դիմումի մեջ բարձրացված հարցերին։