ԱՄՓՈՓ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Օրերս առավել քննարկելի իրավական հարցադրումներից է, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունում տարածվող նոր կորոնավիրուսը կարող է հիմք հանդիսանալ արտակարգ դրություն հայտարարելու և ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հետաձգելու համար:

  • Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն՝ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ՆԵՐԱՌՅԱԼ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը: Հետևաբար ակնհայտ է, որ արտակարգ իրավիճակը ևս հանդիսանում է սահմանադրական կարգին անմիջական սպառնալիք, ուստիև՝ արտակարգ դրություն հայտարարելու հիմք: Միաժամանակ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 1-ին հոդվածը սահմանում է արտակարգ իրավիճակի հասկացությունը, այն է՝ որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երևույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, ՀԱՄԱՃԱՐԱԿԻ, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի և գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման: Վերոնշյալի համատեքստում հատկանշական է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ աշխարհում նոր կորոնավիրուսի տարածումը ձեռք է բերել պանդեմիայի բնույթ, այն է՝ անսովոր ուժեղ համաճարակ:
  • Միևնույն ժամանակ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը ամրագրել է, որ արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի ՎԵՐԱՑՈՒՄՆ ԱՌԱՆՑ ԴՐԱ ԱՆՀՆԱՐԻՆ Է, այսինքն՝ արտակարգ դրություն չի կարող հայտարարվել, եթե համապատասխան վտանգը կարող է վերացվել առանց կառավարության կողմից նման քայլի գնալու: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի համաձայն՝ արտակարգ իրավիճակում բժշկական օգնության ապահովման, պաշտպանության և այլ անհրաժեշտ գործողությունների քաղաքականությունը մշակում և իրակացնում են առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարությունները, հետևաբար նաև կրում են արտակարգ դրության սահմանման հիմնավորման և համապատասխան միջոցառումների իրականացման պատասխանատվությունը:
  • Միաժամակ հարց է ծագում, թե արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում ինչպե՞ս է կարգավորվելու ապրիլի 5-ին նշանակված Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված հարցը:
    Սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում: «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ նշանակված, սակայն ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրապետության նախագահը հանրաքվեն նշանակում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո եռօրյա ժամկետում: Այսինքն՝ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն Սահմանադրության ուժով հետաձգվելու և վերանշանակվելու է միայն արտակարգ դրության ավարտից հետո: Դիցուք, եթե կառավարությունը հայտարարած արտակարգ դրությունն ավարտի ապրիլի 5-ին, ապա հանրաքվեն կվերանշանակվի հունիս ամսա ընթացքում, օրինակ՝ հունիսի 7-ից 14-ի միջակայքում:
  • Սրան զուգահեռ կցանկանայի անդրադառնալ ևս մեկ կարևոր հարցի: Սահմանադրություն նախատեսում է ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ և ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ: Սակայն արտակարգ դրության ժամանակ կառավարության կողմից կիրառվող սահմանափակումները չեն կարող լինել ինքնանպատակ և պետք է համապատասխանեն Սահմանադրությամբ ամրագրված ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅԱՆ սկզբունքին, այսինքն՝ լինեն պիտանի և անհրաժեշտ արտակարգ դրություն հայտարարելու նպատակին հասնելուն: Եթե տվյալ դեպքում արտակարգ դրություն հայտարարելու նպատակը նոր կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարն է և դրա հետագա տարածման կանխարգելումը, ապա, դիցուք, խոսքի ազատության կամ ԶԼՄ-ների գործունեության սահմափակումը որևէ կերպ չի տեղավորվում վերոնշյալ նպատակի շրջանակներում, հետևաբար հնարավոր հայտարարվելիք արտակարգ դրությունը չի կարող նախատեսել կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, սահմանել զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելք և այլն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել