Որպես կանոն՝ պոպուլիզմը տեղի է ունենում ժողովրդավարության քողի տակ, սակայն բնույթով այն հակաժողովրդավարական է և վկայում է պետությունում առկա ժողովրդավարության ինստիտուտների ցածր լեգիտիմության մասին։ Պետությունում առկա պոպուլիզմի հաղթահարումը պետք է տեղի ունենա բազմակարծության և ներկայացուցչական ինստիտուտների դերակատարության բարձրացման միջոցով։ Այն, ինչին ականատես ենք լինում վերջին երկու տարվա ընթացքում, դասական պոպուլիզմի և դեմագոգիայի առօրյա արտացոլանք է, իսկ Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը վերջնականապես ապացուցեց, որ Նիկոլի միակ ու անփոխարինելի զենքը մանիպուլյատիվ պոպուլիզմն է։ 2018-ի հեղափոխություն կոչվածից մնացել են լոկ լոզունգներ, ինչի մեղավորը բացառապես Նիկոլն է։ Հենց այդ քաղաքական կապիտալի մի յուրահատուկ թեստ է առաջիկա հանրաքվեն, որին վարչապետը ձգտում է ամեն գնով՝ անգամ անտեսելով համաշխարհային համաճարակային դրությունը։ Իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումներն ակնհայտորեն անհամարժեք են ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին: Փաստն այն է, որ ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, իսկ ՀՀ «փրկիչ» վարչապետը՝ նախկին իշխանությունների դեմ։ Քարոզարշավի ժամանակ նա մի արտասովոր միտք հնչեցրեց, որը, թերևս, շատերի աչքից վրիպեց։ «Մենք մեր բոլոր միջազգային գործընկերներին հարգում ենք՝ Եվրոպական կառույցներին, ԵՄ կառույցներին, ԵԽ կառույցներին, ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի կառույցներին, ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կառույցներին, բայց այդ կառույցներից որևէ մեկն ավելի բարձր չէ, քան՝ մեր ժողովուրդը, և չի կարող լինել»,- Վայքում հայտարարեց Նիկոլը՝ խոսելով կայանալիք հանրաքվեի մասին:«Եթե մեր ժողովուրդը մի բան որոշի, ես ոչ մի օտարերկրյա կառույցի թույլ չեմ տա՝ մտքներով անցնի, լեզուները պտտվի ու ասի, որ մեր ժողովուրդը սխալ է որոշել: Եթե ժողովուրդը որոշել է, ուրեմն աշխարհում չկա մի ուժ, որ դա դնի կասկածի տակ ու քննարկի, քանի որ հայ ժողովուրդը հաղթանակած ժողովուրդ է ու սրանից հետո միշտ հաղթելու է»,- ասել էր նա։ Իր հեղափոխական ողջ կերպարի ընթացքում Նիկոլը հաճախ իր համար անելանելի վիճակում բոլոր վեկտորներն ուղղում է ժողովրդի կողմը՝ հավատացնելով, որ հենց ժողովուրդն է միակ որոշողն ու երկրի իսկական տերը, իսկ ինքը՝ զուտ ծառայող է կամ, իր բառերով ասած՝ «վարձու աշխատող»։ Սակայն տարօրինակն այն է, որ այդ «վարձու աշխատողը» միլիարդավոր դրամների հասնող պարգևավճարներ շնորհելիս չէր հարցնում իր «տիրոջ»՝ ժողովրդի կարծիքն ու ստանում նրա համաձայնությունը։ Նիկոլի այս հայտարարությունը վկայում է սեփական պատասխանատվությունն իր վրայից գցելու հերթական ակնհայտ փորձի մասին․ սա արվում է հատուկ մտայնությամբ, ձախողումների դեպքում ժողովուրդը շատ արագ կդառնա թիրախ, քանի որ հենց Նիկոլի կողմից կհայտարարվի, որ դա արվել է ժողովրդի կամարտահայտությամբ, և նրա կամքին հակառակ ՀՀ-ում ոչինչ չի արվում։ Ինչպես չհամարել այս ամենը մանիպուլյացիա այն դեպքում, երբ, օրինակ, վերոնշյալ միտքը հանրահավաքում հնչեցնող մարդը փայլուն գիտի, որ ցանկացած միջազգային ստորագրած փաստաթուղթ վեր է երկրի ներսում գործող օրենքից, ասել է թե՝ «ժողովրդի կամք», «որոշում» ասված միֆերը հերթական պոպուլիստական շղարշն է։ Իր հերթական «լայվի» ժամանակ, երբ խոսում էր կորոնավիրուսի տարածման դեպքերի մասին, Նիկոլը, բավականին մեղմ հռետորաբանությամբ, փորձեց տեղի ունեցած վարակի տարածման համար կառավարության ու պատկան մարմինների մեղքը գցել ժողովրդի վրա, ամեն ինչում մեղավոր ճանաչել ժողովրդին, ով «ժամանակին չի ինքնամեկուսացվել» կամ «հիվանդության փաստը պահել է գաղտնի»։ «Փրկիչ» վարչապետն այս տեքստերն ասելիս, հավանաբար, մոռացել էր այն փաստը, որ, երբ դեռ մարտի 1-ին հայտարարվեց կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին, նա իր համար կենսական նշանակություն ունեցող և անձնական քաղաքական կրքերին հագուրդ տալու նպատակով անցկացվող հանրաքվեի քարոզարշավը հետաձգելու ոչ մի ակնարկ չարեց և ամբողջ թիմով տրվեց ինքնամոռաց քարոզի։Այսինքն՝ երբ ամբողջ աշխահում կոչ էր արվում հրաժարվել զանգվածային միջոցառումներից, նա անցած օրերին զանգվածային միջոցառումներ էր կազմակերպում:
Հետևությունները թողնում եմ ընթերցողին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել