Հաշվի առնելով Հայաստանում նախատեսվող Սահմանադրական հանրաքվեն, ձեզ ենք ներկայացնում մեր հերթական աշխատությունը ԱՄՆ Սահմանադրական փոփոխությունների պատմության մասին

ԱՄՆ Սահամանադրական փոփոխությունների պատմությունն ու ժամանակագրությունը

ԱՄՆ Սահմանադրությունը աշխարհում ամենից հին գրված և մինչ այժմ գործող Սահմանադրությունն է։ Վերջինիս ընդունման և հետագա լրացուման գործընթացը բավականին կանոնակարգ բնույթ ունի։ Չնայած այն հանգամանիքին, որ ԱՄՆ Սահմանադրությունը ամենից կարճ Սահմանադրություններից մեկն է աշխարհում, այն գործում է ավելի քան երկու հարյուր տարի, որի ընթացքում արված լրացումները եղել են ժամանակի թելադրանքը, սակայն լուրջ փոփոխություններ, ինչպիսին է օրինակ՝ կառավարման համակարգի փոփոխությունը, չեն եղել։ Ընդհանուր առմամբ կատարվել է 27 փոփոխություն, որոնցից առաջին տասը իրենցից ներկայացնում են «Իրավունքների մասին բիլլ»-ը։

ԱՄՆ առաջին Սահմանադրությունը՝ «Կոնֆեդերացիայի հոդվածները» ընդունվել է 1777թ., նոյեմբերի 15-ին, իսկ նահանգները (այդ ժամանակ դեռ 13 նահանգ) վավերացրին այն մինչ 1781թ․ մարտի 1-ը։ Այս Սահմանադրությամբ իշխանությունը հիմնականում կենտրոնացած էր նահանգների ձեռքերում, որոնք գործում էին ինչպես ինքնիշխան երկրներ, այն աստիճան որ հաճախ նրանց միջև բռնկվում էին առևտրային պատերազմներ։ Կենտրոնական իշխանությունը թույլ էր․ ազգային կառավարությունը չուներ նախագահ և կազմված էր միապալատ Կոնգրեսից, որը կարգավորում էր միայն ընդհանուր խնդիրները, ինչպիսիք է օրինակ` անվտանգությունը։ Կոնֆեդերացիայի Կոնգրեսին էր վերապահված օրենքներ ստեղծելու և նահանգներից դրամական միջոցներ հայցելու լիազորությունը, սակայն այն չուներ հարկադրանքի մեխանիզմներ, չէր կարող կարգավորել առևտուրը և դրամ թողարկել։ Նահանգների պառակտումը և նույնիսկ ներքին ապստամբությունները վտանգում էին ոչնչացնել 1775-1783թթ. Անկախության պատերազմի արդյունքները։ Ազգայնականների մի խումբ Ջեյմս Մեդիսոնի, Ջորջ Վաշինգտոնի, Ալեքսանդր Համիլթոնի, Ջոն Ջեյի, Ջեյմս Վիլսոնի և Բենջամին Ֆրանկլինի գլխավորությամբ անմիջապես սկսեցին աշխատել դաշնային կառավարությունը հզորացնելու ուղղությամբ։

Ի վերջո միջնահանգային առևտրի հարցերին նվիրված մի շարք կոնֆերանսներ վերաճեցին 1787թ․ Ֆիլադելֆիայի Սահմանադրական համագումարին։ Վերջինիս ժամանակ պատվիրակները ձևավորեցին մի նախագիծ առավել ամուր դաշնային կառավարություն ստեղծելու համար, որը ներառում է երեք ճյուղ՝ գործադիր, օրենսդիր և դատական, զսպումների ու հակակշիռների համակարգի հետ միասին՝ ապահովելու համար, որ իշխանության ոչ մի ճյուղ չափից ավել իշխանություն չունենա։ Շուրջ 4 ամսվա բանակցությունների արդյունքում սեպտեմբերի 17-ին 55 պատվիրակներից 39-ի կողմից ստորագրվեց ԱՄՆ Սահմանադրության փաստաթուղթը։ Սահմանադրությունը ստորագրել մերժողների շարքում ամենից հայտնի պատվիրակներն էին Ջորջ Մեյսոնը Վիրջինիայից, Էլբրիջ Գերին Մասսաչուսեթսից և Էդմունդ Ռենդոլֆը Վիրջինիայից։ Ինչպես և կանխատեսվում էր նահանգների կողմից Սահմանադրության վավերացման գործընթացը նույնպես հարթ չընթացավ։ Շուրջ երկուսուկես տարի պահաջնվեց, որպեսզի 13 նահանգները վավերացնեն այն։ ԱՄՆ Սահմանադրությունը ուժի մեջ մտավ 1789թ․։
Գլխավոր խնդիրը «Իրավունքների մասին բիլլ»-ի բացակայությունն էր, որը դարձավ հակա-ֆեդերալիստների (ովքեր դեմ էին Սահմանադրությանը) ամենաազդեցիկ զենքը։ Վերջիններս պահանջում էին առավել հստակ Սահմանադրություն, որը կամրագրեր մարդկանց իրավունքներն ու կառավարության իշխանության սահմանափակումները։ Ֆիլադելֆիայի համագումարի ժամանակ «Իրավունքների մասին բիլլ»-ը գրեթե չի հիշատակվել, քանի որ պատվիրակների մեծ մասը պնդում էին, որ նահանգային Սահմանադրություններով արդեն իսկ երաշխավորված են մարդկանց հիմնարար իրավունքները։ Այս հարցում առանցքային նշանակություն ունեցավ հիմնադիր հայրերից Ջեյմս Մեդիսոնը, ով որպես կոնգրեսական 1789թ․ հունիսի 8-ին ներկայացրեց ԱՄՆ Սահմանադրության լրացումներ և 17 լրացում ընդունվեց Ներկայացուցիչների պալատի կողմից։ Սենատում այս լրացումները փոփոխվեցին և ամփոփվեցին 12 հոդվածի շրջանակում։ 3-րդից 12-րդ լրացումները վավերացվեցին նահագների կողմից և ԱՄՆ Սահմանադրության այս առաջին 10 լրացումները հայտնի դարձան որպես «Իրավունքների մասին բիլլ»։ Այդ լրացումներն իրենց մեջ ամփոփում են հետևյալը․

Առաջին լրացումը երաշխավորում է կրոնի, խոսքի, հավաքների ազատության և խնդրագիր ներկայացնելու իրավունքը։
Երկրորդ լրացումը երաշխավորում է զենք կրելու անհատի իրավունքը։
Երրորդ լրացումը արգելում է զինվորականների բռնի տեղակայումը քաղաքացիների տներում, իսկ պատերազմի ժամանակ պահանջում, որ գործընթացը սահմանված լինի օրենքով։
Չորրորդ լրացումը պաշտպանում է անհատին անհիմն խուզարկություններից և ձերբարկալությունից։
Հինգերորդ լրացումը ամրագրում է մի շարք իրավունքներ կապված քրեական և քաղաքացիական դատավարությունների հետ։ Քրեական գործերում հինգերորդ լրացումը երաշխավորում է նախնական քննությամբ զբաղվող երդվյալների հանձնաժողովի՝ անհատի իրավունքը, արգելում միևնույն հանցանքի համար երկու անգամ պատասխանատվության կանչելը և պաշտպանում ինքնամեղսագրումից։ Այն նաև պահանջում է, որ ցանկացած գործընթացում, որը անհատին զրկում է կյանքից, ազատությունից և սեփականությունից, ապահովվի պատշաճ իրավական ընթացակարգ և պահանջում կառավարությանը փոխհատուցել քաղաքացիներին, երբ վերցնում է նրանց մասնավոր սեփականությունը հանրային օգտագործման համար։
Վեցերորդ լրացումն ապահովում է հավելյալ պաշտպանություն հանցանք գործելու մեջ մեղադրվող մարդկանց համար, քանի որ այն ապահովում է արագ և հանրային դատավարություն, դատավարություն անաչառ երդվյալ ատենակալների կողմից քրեական գործերի դեպքում և մեղադրյալը պետք է տեղեկացված լինի քրեական մեղադրանքների մասին։ Վկան պետք է առերեսվի մեղադրյալի հետ, միևնույն ժամանակ մեղադրյալը իր կողմից վկաներ և փաստաբան ունենալու իրավունք ունի։
Յոթերորդ լրացումն դաշնային քաղաքացիական գործերի դեպքում ապահովում է երդվյալ ատենակալներով դատավարություն ունենալու իրավունքը։
Ութերորդ լրացումը արգելում է չափազանց մեծ գրավը և տուգանքը, ինչպես նաև դաժան ու արտասովոր պատիժը։
Իններորդ լրացմամբ Ջեյմս Մեդիսոնը ցանկանում էր շեշտել, որ այս իրավունքների մատանանշումը Սահմանադրության մեջ չի նշանակում, որ մարդիկ չունեն այլ իրավունքներ, որոնք թվարկված չեն Սահմանադրության մեջ։
Տասներորդ լրացումը սահմանում է ֆեդերալիզմի հասկացությունը՝ նշելով, որ դաշնային կառավարությունն ունի այն իրավունքները, որոնք ամրագրված են Սահմանադրության մեջ, իսկ որոնք ամրագրված և արգելված չեն Սահմանադրությամբ պատկանում են նահանգներին կամ մարդկանց։

Մինչ ԱՄՆ քաղաքացիական պատերազմը (1861-1865թթ.) վավերացվեցին ևս 2 լրացումներ։ Տասնեմեկերորդ լրացումը արգելում էր դաշնային դատարաններում նահանգների դեմ հայց ներկայացնելը այլ նահանգի կամ այլ պետության քաղաքացիների կողմից, իսկ տասներկուերորդ լրացումը մատնանշում է նախագահական ընտրությունների հետ կապված մանրամասներ։

ԱՄՆ քաղաքացիական պատերազմին հաջորդող 5 տարիների ընթացքում ընունվեցին այսպես կոչված «Վերակառուցման» լրացումները, այն է տասներեքերորդ, տասնչորսերորդ և տասնհինգերորդ լրացումները։ Տասներեքերորդ լրացումով վերացվում է ստրկությունը, տասնչորսերորդը անդրադառնում է քաղաքացիության մի շարք հարցերի և քաղաքացիների իրավունքներին, մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ-ում ծնվածները համարվում են ԱՄՆ քաղաքացիներ, ինչպես նաև շեշտադրվում է պատշաճ իրավական ընթացակարգի սկզբունքը և օրենքների շրջանակներում բոլոր քաղաքացիների հավասար պաշտպանության իրավունքը։ Այս լրացումով կառավարությունը լիազորվում է պատժել նահանգներին քաղաքացիների ընտրելու իրավունքի սահմանափակման պարագայում՝ համաչափորեն նվազեցնելով Կոնգրեսում նրանց ներկայացվածությունը։ Տասնհինգերորդ լրացումով սահմանվում է, որ ԱՄՆ քաղաքացիների ընտրելու իրավունքը չպետք է սահմանափակվի կամ մերժվի ելնելով ռասայից մաշկի գույնից կամ նախկինում ստրուկ լինելու հանգամանքից։ Այսպիսով, աֆրոամերիկացի տղամարդիկ ստացան ընտրական իրավունք:

Մնացյալ 12 լրացումներն ընդունվել են 20-րդ դարում։
Տասնվեցերորդ լրացումով օրինականացվեց եկամտահարկի հավաքագրումը առանց նահանգների միջև բաշխման անհրաժեշտության։
Տասնյոթերորդ լրացումը վերաբերում էր սենատորների ընտրության հարցին, մասնավորապես սենատորները ընտրվելու էին ժողովրդի, այլ ոչ օրենսդիր մարմնի կողմից:
Տասնութերորդ լրացումը վավերացվեց ալկոհոլի դեմ պայքարի շարժման անմիջական ազդեցության հետևանքով, որի կողմնակից կրոնական խմբերի պնդմամբ ալկոհոլը հատկապես հարբեցողությունը վտանգ է ազգի համար։ Շարժումը իր գագաթնակետին հասավ 18-րդ լրացման վավերացմամբ, որը արգելում էր ալկոհոլի արտադրությունը, տեղափոխումն ու վաճառքը։ Այնուամենայնիվ, այս լրացումը բավականին դժվար իրագործելի էր, և հանցանքն ու այլ սոցիալական խնդիրները վերացնելու՝ իր առջև դրված նպատակին չհասավ, այլ ընդհակառակը՝ հանգեցրեց կազմակերպված հանցագործությունների թվի աճին։ Դա է պատճառը, որ Կոնգրեսն ընդունեց Սահմանադրության 21-րդ լրացումը, որով չեղարկվեց 18-րդ լրացմամբ առաջադրված ալկոհոլի արգելքը։
Տասնիններորդ լրացումը կանանց ապահովեց ընտրելու իրավունքով։
Քսաներորդ լրացումը հստակորեն սահմանում էր ընտրված նախագահի և կոնգրեսականների պաշտոնի ստանձման ժամկետները արդեն մարտի 4-ի փոխարեն հունվարի 20-ը՝ նախագահի և փոխնախագահի համար, և հունվարի 3՝ կոնգրեսականների համար։ Այս լրացումը նաև սահմանեց, որ ընտրված նախագահի մահանալու դեպքում այդ պաշտոնը կստանձնի ընտրված փոխնախագահը:
Քսաներկուերորդ լրացումով ԱՄՆ նախագահին արգելվում է պաշտոնավարել երկու ժամկետից ավել։ Սահմանադրության այս լրացուման ընդունմանը Կոնգրեսում ձգտում էին հանրապետական սենատորներն այն բանից հետո, երբ Ֆրանկլին Դ․ Ռուզվելտը ընտրվեց նախագահության իր չորրորդ ժամկետով (սակայն մահացավ պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս անց)։ Ի դեպ, Ֆրանկլին Դ․ Ռուզվելտը ԱՄՆ առաջին և միակ նախագահն է, որ պաշտոնավարել է 2 ժամկետից ավել։
Քսաներեքերորդ լրացումը Կոլումբիայի շրջանի քաղաքացիներին ևս հնարավորություն տվեց ընտրել նախագահական ընտրիչներին, ովքեր կմասնակցեն նախագահի և փոխնախագահի ընտրությանը։
Քսանչորսերորդ լրացումը վերացնում է այսպես կոչված քվեարկության կամ այլ տեսակի հարկը որպես քվեարկությանը մասնակցելու նախապայման սահմանելը։
Քսանհինգերորդ լրացումը սահմանում է, որ նախագահի պաշտոնից հեռացնելու, մահվան կամ պաշտոնաթող լինելու դեպքում նախագահ է դառնում փոխնախագահը։ Փոխնախագահի թափուր պաշտոնի դեպքում նախագահը առաջադրում է թեկնածու, ով ստանձնում է պաշտոնը Կոնգրեսի երկու պալատների մեծամասնության հավանությունը ստանալու դեպքում։ Լրացումը ներկայացնում է նաև մանրամասներ նախագահի անգործունակ լինելու հետ կապված։
Քսանվեցերորդ լրացումը իջեցնում է ընտրության մասնակցելու տարիքային շեմը 21-ից 18, այսպիսով մասամբ փոփոխելով 14-րդ լրացումը։
Քսանյոթերորդ լրացումը Ջեյմս Մեդիսոնի առաջարկած 12 լրացումներից մեկն էր, որի վավերացման համար պահանջվեց ավելի քան երկու հարյուր տարի։ Այս լրացումն ուղղված է կոնգրեսականների աշխատավարձին։ Վերջիններս չեն կարող օրենք ընդունել, որով կարող են բարձրացնել իրենց աշխատավարձի չափը մինչև ընտրությունների կայացումը։ Սա իր հերթին ընտրողներին հնարավորություն կտա չվերընտրել այն կոնգրեսականներին, ովքեր, ըստ հանրության, իրենց համար «առատաձեռն» աշխատավարձ կսահմանեն։

Այսպիսով, ԱՄՆ Սահմանադրության 230 տարվա պատմության ըթացքում եղել են ընդամենը 27 լրացումներ՝ ելնելով բացառապես ժամանակի պահանջներից։ Դեռևս որևէ լրացում չի եղել 21-րդ դարի ընթացքում։ Ընդ որում, փոփոխության չեն ենթարկվել ԱՄՆ Սահմանդարությամբ ի սկզբանե ներդրված օրենսդիր գործադիր և դատական իշխանություններին վերաբերող հիմնադրույթները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել