Boeing կորպորացիայի ուղղակի և անուղղակի վնասները Boeing 737 MAX մոդելի երկու ինքնաթիռների կործանման հետևանքով կգերազանցեն 18,7 մլրդ դոլարը, հայտնում է CNN հեռուստաընկերությունը:

CNN-ի տվյալներով՝ պատվիրատուներին 737 MAX-երի փոխհատուցումը, որոնց շահագործումը կասեցվել է, արդեն հասնում է 8,3 մլրդ դոլարի: Եվս 6,3 մլրդ դոլարը Boeing-ի ծախսերի ավելացումն է այս շարքի արդիականացված ինքնաթիռների արտադրության համար: Բացի այդ, կորպորացիան շուրջ 4 մլրդ դոլար է գնահատել 737 MAX-երի հավաքման վրա բյուջեից դուրս ծախսերը դրանց շահագործումը վերսկսելուց հետո: Երկու ավիաաղետների զոհերի հարազատներին փոխհատուցման ֆոնդը սահմանված է 100 մլն դոլարի չափով:

Մինչդեռ վերլուծաբան Ռոնալդ Էփսթեյնը՝ ամերիկյան Bank of America-ի Merrill Lynch ստորաբաժանումից, ներկայացրել է կորպորացիայի հնարավոր վնասների այլ գնահատական: «Մեր գնահատականը մոտավորապես 23 մլրդ դոլար է ամեն ինչի համար, ներառյալ կորսված կյանքերի համար վնասի փոխհատուցումը: Այդ թիվը կաճի, եթե թռիչքների արգելքն էլ ավելի երկարի»,- նշել է փորձագետը:

Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործումը դադարեցվել է երկու ավիաաղետից հետո: 2019 թվականի մարտի 10-ին Եթովպիայում կործանվեց Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8-ը, զոհվեց 157 մարդ: 2018 թվականի հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում Lion Air ընկերության համանման մոդելի ինքնաթիռի աղետի զոհ դարձավ 189 մարդ: Boeing-ի ղեկավարությունը խոստովանեց, որ երկու դեպքում էլ օդանավերում դրանց կործանումից առաջ տեղի է ունեցել խափանում մանևրայնության բնութագրերի բարելավման համակարգում: Դրանից հետո բազմաթիվ երկրներ, ներառյալ ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Եվրամիության պետությունները, անվտանգության նկատառումներով դադարեցրել են այդ տիպի ինքնաթիռների շահագործումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել