1990 թ. ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Գրիզվոլդ քաղաքում հայտնաբերվեց 19-րդ դարի անանուն գերեզմանոց, որը բաղկացած էր 27 գերեզմաններից: Առավել մեծ հետաքրքրություն էր ներկայացնում «JB55» գրությամբ գերեզմանը. գրություն արված էր մեխերով: Գերեզմանի վիճակն ու դիրքը ցույց էին տալիս, որ դրանում պառկած մարդուն թաղել են «վամպիրիզմից պաշտպանություն» գործընթացին համաձայն: Այդ գործընթացի իմաստը նակինում հանգուցյալին՝ վամպիրի տեսքով կյանք վերադառնալ թույլ չտալն էր:
Մնացորդների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հանգուցյալը հիվանդ է եղել տուբերկուլյոզով, որը 200 տարի առաջ համարում էին վամպիրիզմի նշան: Պատճառն այն էր, որ հիվանդներն ունեին չափազանց հյուծված ու հիվանդագին տեսք ու նման էին «կենդանի դիակների»: Պատճառ էր հանդիսանում նաև այդ ժամանակաշրջանում հիվանդության մեծ տարածումը: Որպես հետևանք՝ առաջացավ հավատք առ այն, որ տուբերկուլյոզից մահացածները վամպիրներ են դառնում և կարող են դուրս գալ գերեզմանից՝ ընտանիքի մյուս անդամներին վարակելու:

Դրան դիմադրելու համար կիրառում էին «պրոֆիլակտիկ արտաշիրմումը». թաղումից մի քանի օր անց մարմինը գերեզմանից դուրս էին բերում և դրա վրա փնտրում «կյանքի» հետքեր, օրինակ՝ հեղուկ արյուն, փափուկ մաշկ: Եվ եթե հայտնաբերում էին նման նշաններ, ապա գլխատում էին դին և այրում ներքին օրգանները, որպեսզի հանգուցյալը չվերակենդանանար: Նույն գործողությունները կատարել են «JB55»-ի հետ: Սա արվել է «վախից ու սիրուց» ելնելով, քանի որ այլ տարբերակ՝ տուբերկուլյոզի դեմ պայքարելու և կենդանի մարդկանց պաշտպանելու, չկար:

«JB55»-ից ԴՆԹ նմուշներ վերցվել են դեռևս 30 տարի առաջ, սակայն անանունության պատճառով տվյալները չեն օգտագործվել: Եվ միայն վերջերս ԱՄՆ-ի Առողջապահության և բժշկության ազգային ինստիտուտի գիտնականները կարողացել են պարզել դիակի ծագումը: ԴՆԹ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հանգուցյալը պատկանել է Բարբերների ընտանիքին: 1826 թ. թերթերից մեկում հայտնաբերվել է Նատան Բարբեր անունը, ով Գրիզվոլդից Ջոն Բարբերի որդին էր: Մահվան պահին «JB55»-ի տարիքը գնահատվում է 55 տարեկան: Ամենը վկայում է այն մասին, որ հանգուցյալը հենց Ջոն Բարբերն է եղել:



