Գլենդելում մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողի այն քննադատությանը, թե այսօր Հայաստանում ընտրությունները, այդ թվում՝ հանրաքվեն կազմակերպում է Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ նույն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը կազմակերպել է նախորդ, այսպես կոչված, «կեղծված» ընտրությունները, հայտարարել է, թե Տիգրան Մուկուչյանը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական գործընթացում զրոյական դերակատարություն ունեն՝ հավելելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միայն գումարում է ձայների թիվը և որոշում է մանդատների թիվը:
ՀՀ ԱԺ փոխխոսնակին առաջարկում եմ գոնե մեկ անգամ ընթերցել ՀՀ Սահմանադրությունը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կանոնադրությունը: Համաձայն ՀՀ Սահմանադրության 194 հոդվածի 1-ին կետի և ՀՀ Կենտրոնական հանձնաժողովի կանոնադրության 1-ին կետի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ, ինչը նշանակում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ թե միայն թվաբանությամբ է զբաղվում, այլ պատասխանատվություն է կրում ընտրական գործընթացի օրինականության կապակցությամբ: