Տարօրինակ հետագծով ու աշխարհագրական տարածվածություն ընդգրկող այս նոր վիրուսն ու Սիրիայում ռուս-թուրքական աշխարհաքաղաքական խաղերը փոքր-ինչ ստվերեցին կարևոր մի տեղեկատվություն, որը տարածել է բավականին հետաքրքիր և գրեթե ոչինչ չասող, բայց միևնույն ժամանակ սիրիական հակամարտությունում հսկայական գործ կատարած և կատարող Սիրիայում իրանական ռազմական խորհրդականների կենտրոնը։
Վերջիններս տասը կետանոց հաղորդագրություն են տարածել, որտեղ, ի թիվս այլ բաների, նշել են, որ սիրիական բանակն իրենց օգնությամբ ազատել է կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող M5 (Հալեպ-Սարակիբ-Դամասկոս) մայրուղին, հետագայում թուրքական զինուժը փորձել է կրկին հաստատել մայրուղու վրա վերահսկողություն, սակայն չի հաջողվել։
Վ․ Պուտին - Ռ․Թ․ Էդողան հանդիպումից հետո նշվեց, որ M4 (Հալեպ-Սարակիբ-Լաթակիա) մայրուղուց հյուսիս և հարավ 6 կմ լայնության անվտանգության միջանցք են ստեղծում, իսկ մարտի 15-ից սկսած համատեղ պարեկային ծառայություն են իրականացնելու նույն մայրուղու երկայնքով։
Այսինքն՝ ստացվում է, որ Թուրքիան վերջին զարգացումներից հետո կորցնում է վերահսկողությունը երկու կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող M4 և M5 մայրուղիների նկատմամբ: