Շվեդ արքա Գուստավ III-ը խորապես վստահ էր, որ սուրճն ու թեյը վնասակար են օրգանիզմի համար: 1746 թ. նա հրաման արձակեց, համաձայն որի՝ սուրճի և թեյի սիրահարները պետք է արքայական գանձարան ավելի շատ հարկեր վճարեին: Ավելի ուշ սուրճի օգտագործումն ամբողջովին արգելվեց, սակայն ապօրինի օգտագործումը շարունակվում էր:

Այդ ժամանակ միապետը որոշեց փորձ կատարել: Ընտրվեցին երկու երկվորյակ եղբայրներ, որոնք ծանր հանցագործություն էին կատարել և դատապարտվել մահապատժի: Մահապատիժը փոխարինել էին ցմահ ազատազրկմամբ, որի ժամանակ դատապարտյալներից մեկն ամեն օր պետք է մեծ բաժակով սուրճ ըմպեր, իսկ մյուսը՝ թեյ:

Հանցագործների առողջական վիճակի փոփոխություններին հետևելու համար երկու բժիշկ նշանակվեց: Տարիներ անց, չսպասելով փորձի ավարտին, մահացավ բժիշկներից մեկը, իսկ ևս մի քանի տարի անց՝ երկրորդը:

Ինքը՝ Գուստավ III-ը, սպանվեց 1792 թ. մարտի 16-ին՝ դավադրության զոհ դառնալով: Թեյ խմող ավագ եղբայրը մահացավ 83 տարեկան հասակում, երկրորդը՝ ավելի ուշ: Նրանք ավելի երկար ապրեցին, քան բժիշկներն ու արքա Գուստավը:

Չնայած այն բանին, որ փորձը տապալվեց, Շվեդիայում սուրճի օգտագործման արգելքը գործում էր ընդհուպ մինչև XIX դարի 20-ական թվականները: Վերջնականապես արգելքը հանվեց 1822 թ.: Ներկայումս Շվեդիան այն երկրների տասնյակում է, որտեղ ամենաշատն են սուրճ օգտագործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել