Դուք, ամենայն հավանականությամբ, արդեն տեսել եք այս լուսանկարը: Նախկինում շինարարները, կարծես թե, ոչնչից չեն վախեցել, և դա ապացուցող բազմաթիվ լուսանկարներ գոյություն ունեն: Սակայն այս լուսանկարն ամենահայտնին է: Տասնմեկ շինարար հանգիստ և անհոգ նստած են հեծանի վրա և պատրաստվում են ճաշել: Ոմանք զրուցում են, մյուսները՝ ծխում, ինչ-որ մեկն էլ շիշ ունի ձեռքում: Դեմքերի արտահայտությունները հանդարտ են, և անգամ հավատալն է դժվար, որ տղամարդիկ նստած են նոր կառուցվող Ռոքֆելեր պլազա երկնաքերի շինարարական հեծանի վրա՝ գետնից 200 մ բարձրության վրա: Հարց է առաջանում՝ այլ վայրում չէի՞ն կարող ճաշել:
Հայտնի լուսանկարն արել են 1932 թ. սեպտեմբերի 20-ին՝ երկնաքերի կառուցման ավարտից մի քանի ամիս առաջ: Եվ այո՛, ակնհայտ է, որ լուսանկարի իրավիճակը բեմադրված է: Նույն աշխատակիցները ևս մի քանի լուսանկար ունեն, որոնցից մեկում հանգստանում են՝ պառկած հեծանի վրա, մյուսում՝ թափահարում գլխարկները: 260 մ բարձրություն ունեցող Ռոքֆելեր պլազան կառուցվել է 1930-ականներին Ռոքֆելերների ընտանիքի միջոցներով: Բիզնեսը մշտապես գովազդի կարիք ունի, և այս հետաքրքրական լուսանկարի միջոցով հնարավոր եղավ գրավել շատ մարդկանց ուշադրությունը: Սակայն լուսանկարներն իրական են՝ առանց որևէ միջամտության գործադրման:
Ո՞վ կհամաձայներ նման վտանգավոր բարձրության վրա գտնվել՝ պարզապես լուսանկարվելու համար: Չի կարելի մոռանալ, որ ժամանակներն այլ էին: Ամերիկայում Մեծ դեպրեսիան էր. աշխատանք չկար, և մարդիկ անում էին յուրաքանչյուր գործ՝ գումար վաստակելու համար: Իսկ այս շինարարները միաժամանակ կարծես թեթևամիտ էին գտնվում իրենց կյանքի նկատմամբ: Նրանք լուսանկարվել են մեծ գումարի դիմաց:
Տասնմեկ տղամարդիկ հասարակ աշխատավորներ էին: Երկար ժամանակ ոչ ոք չգիտեր նրանց անունը, սակայն տարիներ անց լրագրողներին ու գիտնականներին հաջողվեց նրանցից ոմանց անձը պարզել: Պարզվում է՝ 1932 թ. սեպտեմբերի 20-ին հեծանին նստած է եղել միջազգային խումբը, որում ներգրավված են եղել և՛ իռլանդացիներ, և՛ շվեդներ, և՛ սլովակ Գուստավ Պոպովիչը: Վերջինս լուսանկարից մի օրինակ իր տուն կնոջը՝ Մարիշկային է ուղարկել և մակագրել այն հետևյալ կերպ. «Տեսնո՞ւմ ես, ես, ինչպես միշտ, շիշ ունեմ ձեռքումս»: