Գիտնական Հենրի Սմոլինսկիի երազանքը բոլորի համար նախատեսված օդային մեքենա ստեղծելն էր, որը պետք է պարզ ու հասանելի լիներ: Այս գաղափարը մինչ օրս արդիական, սակայն դեռևս ոչ իրագործելի է թվում: Հենրիի նախագծի իրագործման համար հիմնվել էր AVE (Advanced Vehicle Engineers) ընկերությունը, իսկ ավտոմեքենայի փորձնական նմուշն անվանել էի աստղ Mizar-ի պատվին:

1971-1973 թթ. մի քանի նախատիպեր ստեղծվեցին: Որպես «դոնորներ» Սմոլինսկին օգտագործեց մոդիֆիկացված կաբրիոլետ Ford Pinto-ն, որի հետնամասում թևեր և երկկողմանի Cessna Skymaster-ի պոչ ամրացվեցին:

Mizar-ն ուներ լիարժեք ավիացիոն և ավտոմոբիլային կահավորում և կարողանում էր տեղավորել չորս ուղևորի ու բեռներ: Համաձայն Հենրիի գաղափարի՝ օդային ավտոմեքենան պետք է թռչեր և վայրէջք կատարեր ինքնաթիռի նման, որից հետո հատուկ կառուցված թևերն ու պոչը հեռացվում էին, և ավտոմեքենան պատրաստ էր լինում ցամաքային ճանապարհներով երթևեկելու: Օդում այն զարգացնում էր 210 կմ/ժ արագություն առավելագույնը 3,600 մ բարձրության և 1,600 կմ հեռավորության վրա: Օդային ավտոմեքենայի մոտավոր գինը 19,000-29,000 դոլար էր:

1973 թ. օգոստոսի վերջին սկսվեցին օդային փորձարկումները: Առաջին թռիչքի ժամանակ թռչելուց անմիջապես հետո կոտրվեց աջ թևը: Չնայած խիստ անհարմարությանն ու վտանգավորությանը՝ փորձառու օդաչու Չարլզ Ջենիսը կարողացավ դաշտում վայրէջք կատարել: Երկու շաբաթ անց Mizar-ի ղեկին նստեց Հենրի Սմոլինսկին: Պատմությունը կրկնվեց. թևը չդիմացավ ծանրությանը, և օդային ավտոմեքենան ցած ընկավ: Հենրի Սմոլինսկին և իր հետ օդային ավտոմեքենայի մեջ գտնվող Հարոլդ Բլեյքը վախճանվեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել