Իշխանությունների համար կորոնավիրուսը կարող է դառնալ հանրաքվեն տապալումից փրկելու միակ միջոցը։ Հակակառավարիչների մոտ հանրաքվեի հետ կապված անհանգստությունն այնքան մեծ է, որ նախօրոք կորոնավիրուսի թեման դարձրել են արդիական, և ամենօրյա հաճախականությամբ սկսել են խոսել վարակված միակ հիվանդի, թեստավորումներ անցնող մարդկանց և թեմայի հետ առնչություն ունեցող այլնի մասին։ Անգամ Իրանի հետ սահմանափակումներն են երկու շաբաթով երկարեցրել։ Վստահ եմ, եթե հանկարծ հանրաքվեից մի քանի օր առաջ հանրության շրջանում նախապես արված հարցումները ցույց տան, որ հանրաքվեն կարող է տապալվել, կորոնավիրուսի հետ կապված խուճապի մակարդակն էապես կբարձրացնեն և կփորձեն դա շահարկելով չեղարկել հանրաքվեն։

Կարծում եմ` մարտավարությունը ճիշտ են ընտրել, բայց մի բան հաշվի չեն առել, որ հանրության մեծ մասը կհասկանա բլեֆը, քանի որ նախընտրական շրջանում այդ թեման օրակարգային դարձնելը խոսում է այն մասին, որ դա հստակ քաղաքական նպատակ կարող է հետապնդել` չբացառելով հնարավոր վարակվածներին, մանավանդ որ ներկա պահին այդ ախտանիշներով հայտնաբերված ընդամենը մեկ հիվանդ կա, որի մասին տեղեկությունն այդքան էլ համոզիչ չէ, քանզի նա Հայաստան է ժամանել Իրանից, և անհայտ է նրա ծագումնաբանությունը գոնե մեզ համար...

Հ.Գ. Շատ բան չի պահանջվելու Նիկոլ Փաշինյանից։ Ընդամենը մեկ գրառմամբ, որը կխոսի նրա մասին, թե մեծացել է վարակվածների թիվը, կփորձի սեփական իշխանության լծակները մեծացնելու համար նշանակված հանրաքվեն չեղարկել կամ գոնե հետաձգել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել