Hraparak.am-ը գրում է․

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործով դատական նիստին այսօր պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։ Միջնորդության դեմ առարկեցին գործով մեղադրողները։

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը նշեց, թե սույն դատական նիստի ընթացքում կողմերի հավասարությունը դասական իմաստով պահպանվում է. «Չկա որևէ հարց, որ ես նկատեմ, թե պաշտպանական կողմի որևէ իրավունք սահմանափակվում է, եթե ես նկատեմ, որ մեղադրանքի կողմին տրվում է առավելություն, ապա ես ինքս կարձագանքեմ»։

Նա անտեղի համարեց դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկի հիմքի և դատավոր Աննա Դանիբեկյանին ճնշելու փորձ կատարած անձանց գործի համեմատությունը:

Բաղդասարյանն ասաց՝ մի դեպքում վիճարկվում է դատավորի այդ գործով նախկինում ենթադրյալ կայացրած որոշումը, մեկ այլ դեպքում՝ փորձ է արվել առերևույթ միջամտություն կատարել դատարանի գործերին:

Մեկ այլ մեղադրող Պետրոս Պետրոսյանն էլ դիրքորոշում հայտնելիս նշեց, որ խնդրում են թողնել միջնորդությունն առանց քննության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել