Մի փոքր ավելի, քան մեկ ամիս առաջ այստեղ դատարկ տարածություն էր: Այսօր երկու նոր հիվանդանոցները պատրաստ են ընդունելու հիվանդներին: Պակաս, քան երկու շաբաթում կառուցված հիվանդանոցային համալիրներում միայն կորոնավիրուսով վարակված անձինք են գտնվում:

Չինացի կառուցողները փետրվարի 2-ին շահագործման են հանձնել Ուհանի հիվանդանոցը: Ուհանը կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնն է: Հիվանդանոցի կառուցման ողջ ընթացքը տևել է ընդամենը 10 օր: Բանվորները աշխատել են օրը 24 ժամ՝ առանց դադարի: Հոշենշան կոչվող հիվանդանոցի կառուցումը սկսվել էր հունվարի 24-ին: Հունվարի 23-ի երեկոյան նախատեսված տարածքում 35 էքսկավատոր, 10 բուլդոզեր և բազմաթիվ այլ սարքավորումներ սկսեցին աշխատել: Դիզայն-պլանն ավարտվեց արդեն հաջորդող օրը՝ հունվարի 24-ին:

Հաստատությունն ունի 33,900 քմ տարածք և տեղավորում է 1000 հիվանդի: 1400 ռազմական բժիշկներ այստեղ ընդունում են կորոնավիրուսով վարակված մարդկանց:

Երկրորդ հիվանդանոցը՝ Լենշանշանը, նախատեսված է 1300 հոգու համար: Այս հիվանդանոցի կառուցումը սկսվել է հունվարի 27-ին: Շինարարական աշխատանքներին մասնակցել է 4900 մարդ և հազարավոր տեխնիկական միջոցներ: Առաջին օրերին բաննվորները ստիպված են եղել աշխատել օրական 12 ժամ. չի հերիքել աշխատուժը: Այնուհետև աշխատանքը շարունակվեց ընթանալ երեք հերթափոխով: Շինարարական աշխատանքներն րականացվում էին և՛ գիշերները, և՛ անձրևի ժամանակ: Բանվորները պարտադիր կերպով պաշտպանիչ դիմակներ էին կրում:

Ուհան քաղաքը, ինչպես և տասնյակ այլ չինական քաղաքներ, գտնվում է կարանտինի տակ: Այնտեղ մուտքն ու ելքը սահմանափակված է: Սա պատմության մեջ ամենախոշոր կարանտինի դեպքն է: Ըստ տարբեր գնահատականների՝ 38-50 միլիոն մարդու տեղաշարժը սահմանափակված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել