Pastinfo.am-ը գրում է․

«Սուտ մատնության հանցակազմն առկա է լինում, եթե մատնիչը հաստատապես գիտի իր կողմից հայտնվող տեղեկատվության կեղծ լինելը։ Եթե նա, ասենք, պարզապես ենթադրաբար, բխեցնելով ինչ-որ մի օրինաչափությունից իր ներքին համոզմամբ մտածել է, որ իր կողմից հայտնված տեղեկությունը հավաստի է, հետագայում եթե պարզվում է, որ այն հավաստի չէ, ապա այստեղ սուտ մատնության հանցակազմ չի կարող առաջանալ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Քրեական օրենսգրքի փոփոխություններին, որով առաջարկվում է ընդլայնել սուտ մատնության հոդվածը եւ այն տարածել նաեւ ԶԼՄ-ների հրապարակումների վրա։

Իրավաբան պատգամավորի խոսքով, սուտ մատնության դեպքում անձը պետք է հաստատապես համոզված լինի իր կողմից հայտնված տեղեկատվության կեղծ լինելու մեջ ։

«Օրինակ, ես գիտեմ, որ այսինչ մարդը գողություն չի արել եւ հաստատապես գիտեմ, թե այսինչ ժամին նա որտեղ է գտնվել, բայց ես գնում եմ ՝ նրա վրա հայտարարություն եմ տալիս ու ասում, որ նա է գողացել այնինչի մեքենայի անիվները։ Սա է ակնհայտ սուտ մատնությունը, բայց եթե լրագրողը որոշակի փորձից, կանխավարկածից ելնելով, իր համոզմունքից ելնելով տեղեկատվություն է հրապարակում, որը, հետագայում պարզվում է, որ իրականությանը չի համապատասխանում, չի կարող մեղադրվել սուտ մատնության հանցակազմով »,-բացատրեց Գեւորգ Պետրոսյանը։

Արդարադատության նախարարությունը պաշտոնական e-draft.am կայքում տեղադրել է Քրեական օրենսգրքի նոր նախագիծը, ըստ որի, սուտ մատնություն կարող է համարվել ոչ միայն իրավասու մարմիններին հանցագործության դեպքի կամ այլ անձանց մասին սուտ տեղեկություն տալը, այլեւ նույնաբովանդակ տեղեկատվության հրապարակումը ԶԼՄ-ներում։ Այս կարգավորումը մտահոգություն է առաջացրել լրագրողական շրջանակներում։ Լրագրողական կազմակերպությունների ղեկավարներն այսօր հայտարարություն են տարածել, որի միջոցով պահանջում են նախագծի հեղինակներից՝ չտեղափոխել սուտ մատնության խնդիրը ԶԼՄ-ների դաշտ։

Գեւորգ Պետրոսյանն ասաց՝ ԶԼՄ-ների ազատությունը մեծապես կախված է նրանց իմացությունից։ Պատգամավորը կարծում է այս կամ այն խնդրին անդրադառնալիս լրատվամիջոցը պետք է առավել խորությամբ ուսումնասիրի այն, բազմակողմանի պատկերացում կազմի, ապա տեղեկություն հրապարակի, ինչը սակայն, չի նշանակում, որ լրատվամիջոցին պետք է ամեն մի հրապարակման համար պատասխանատվության ենթարկել։

«Իմ առաջարկներից մեկի վերաբերյալ համաձայն, որի, Քրեական օրենսգրքում առաջարկում եմ փոփոխություն, որ քրեական պատասխնատվության վաղեմություն չկիրառվի սահմանադրական կարգը տապալելու համար, տարբեր մեկնաբանություններ են գրում։ Մի լրագրող գրել է, որ դա ուղղված է վարչապետի դեմ՝ չհասկանալով, որ օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ, եթե դրանով անձի վիճակը վատթարացվում է։ Մյուսն էլ այսօր գրել է, որ դա ուղղված է 2-րդ նախագահի դեմ։ Տեսեք, այսպիսի բաներ են գրում։ Ես ՝ անձամբ, կողմ եմ , որ տեղեկատվությունը հղկվի եւ ճիշտ մատուցվի , ինչը «ԶԼՄ-ների մասին» ՀՀ օրենքի պահանջն է, բայց ես երբեք կողմ չեմ խոսքի ազատությունը օրորոցում խեղդելուն, որովհետեւ ես դա համարում եմ ժողովրդավարական պետությանը հակադրվող մոդել»,-ասաց Գեւորգ Պետրոսյանը։

Պատգամավորը տեսականորեն չի բացառում, որ առաջարկվող փոփոխությունը կարող է ուղղված լինել անցանկալի լրատվամիջոցներին լռեցնելու նպատակին, բայց առավել հիմնավոր դատողություններ հայտնելու համար Գեւորգ Պետրոսյանը խոստացավ ուսումնասիրել նախագիծը։

Հիշեցնենք, ավելի վաղ Քրեական օրենսգրքի նախագծի ուսումնասիրության համար ՓՊ-ում ձեւավորված աշխատանքային խմբի անդամ, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով այս փոփոխությանը, շեշտել, որ այն հետընթաց է եւ կարող է անցանկալի լրատվամիջոցներին լռեցնելու նպատակով մահակ դառնալ։

«Ստացվում է, որ մի կողմից երաշխավորվում է մամուլի ազատությունը, երաշխավորվում է տեղեկատվության աղբյուրի պաշտպանությունը, մյուս կողմից, ԶԼՄ-ն ամեն անգամ տեղեկատվությունը հրապարակելիս կարող է երկյուղել, որ հանկարծ քրեական պատասխանատվության հարց չառաջանա»,-ասել էր Արմինե Ֆանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել