Գիշերը արտառոց իրադարձություններ են տեղի ունեցել Սիրիայում, որոնք լայնորեն որակվում են որպես ռուս-թուրքական նոր պատերազմ: Ինչ է տեղի ունեցել.
- Գիշերը Թուրքիայի Հաթայ նահանգի (որը սահմանակից է Սիրիայի Իդլիբ շրջանին) ղեկավարը հայտարարեց, որ Թուրքիայի ԶՈՒ-ն կորցրել է 33 զինվոր:
- Թուրքիայի նախագահը այս առիթով հրավիրում է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որը տևում է մի քանի ժամ և ավարտվում առանց որևէ հայտարարության։
- Թուրքական բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը որևէ աղբյուրում չի նշվում, հայտարարում է, որ Թուրքիան այլևս չի խոչընդոտելու դեպի Եվրոպա Սիրիայից գաղթականների հոսքին։ Ցանցում հայտնվում են ֆոտո և վիդեո կադրեր, որոնք իբր թե պատկերում են գաղթականների՝ դեպի հույն-թուրքական սահմանը ընթացքը: Որևէ հաստատում այս լուրը չունի։
- Թուրքական ընդդիմությունը առավոտյան հրավիրել է Թուրքիայի խորհրդարանի արտահերթ դռնփակ նիստ։
- Թուրքական իշխանությունները փակել են մուտքը դեպի սոցցանցեր՝ Facebook, Instagram, Twitter և նույնիսկ Whatsapp, սակայն VPN-ով կարելի է մուտք գործել:
- Գիշերը մի քանի տասնյակ մարդ տարերային ցույց է սկսում Ստամբուլում ՌԴ դեսպանատան դարպասների մոտ։
- ԱՄՆ-ն հայտարարում է, որ Թուրքիայի կողքին է, բայց ոչինչ ավելին։

Սա այն, ինչ գիտենք այս պահի դրությամբ։ Իսկ այժմ մի քանի դիտարկումներ իմ կողմից.

- Թուրքական պաշտոնական հռետորաբանությունը չի շտապում թիրախավորել ռուսներին։ Ակնհայտ է, որ որոշում է կայացվել դեռևս բացահայտ ուղիղ բախման չգնալ Ռուսաստանի հետ։ Պաշտոնական աղբյուրները նշում են, որ մեղավոր է «ստորաքարշ Ասադի ռեժիմը»։ Դատելով ռուսական ԶԼՄ-ներից՝ նույնն են անում նաև Մոսկվայում, մինչդեռ իրականում բոլորն էլ հասկանում են, որ կռվի դաշտում իրար են բախվել մի կողմում Թուրքիան, իսկ մյուս կողմում՝ Սիրիան, Ռուսաստանը և Իրանը։
- Ոչ պաշտոնական հարթակներում, այդ թվում՝ թուրքական մերձիշխանական մամուլով կոչեն են հնչում պատերազմ հայտարարել Սիրիային ու նվաճել «Թուրքիայի անվտանգության հողերը» (այստեղ խոսքը գնում է մինչև Դամասկոս նվաճման մասին)։
- Թուրքերը ցանկանում են ստանալ Արևմուտքի աջակցությունը, հատկապես ՆԱՏՕ-ի: Որքան հասկանում եմ, ՆԱՏՕ կանոնադրությունը չի նախատեսում օգնություն, եթե անդամ երկիրը ռազմական գործողություններ է իրականացնում այլ երկրի տարածքում, այն էլ՝ ոչ թե պետության դեմ, այլ երրորդ ուժի (Թուրքիան Սիրիային պատերազմ չի հայտարարել, այլ կռվում է «վարչակարգի ու ահաբեկիչների» դեմ)։ Չեմ կարծում, որ աշխատի գաղթականների խաղաքարտը։ Նախընտրական իրավիճակում գտնվող Թրամփն էլ դժվար թե զինվոր ուղարկի ռուսների դեմ՝ պաշտպանելու Թուրքիային, որը վերջին տարիներին ոչ պոպուլյար է Նահանգներոմ։
- Էրդողանը էնքան է բարձրացրել Սիրիայի հարցով իր խաղադրույքները, որ ցանկացած հետքայլ կարող է աղետաբեր լինել իշխանության համար։ Սա շատ լավ հասկանում են Թուրքիայում թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը։ Հաշվի առնելով, թե որքան ծանր են տանում զինվորի մահը, ապա հաստատապես այսօր կսկսվի մեծ հանրային ճնշում թուրքական իշխանությունների վրա։
- Իդլիբի շրջանը, որը սիրիական պատերազմի վերջին բարդ հիմնահարցն է, ողջ պատերազմի խտացված տարբերակն է։ Ավելին, եթե մինչ այս տարբեր հարցերում հնարավոր էր գտնել կոմպրոմիսներ, ապա այս դեպքում տարիներով կուտակված և ծածկադմփոց արված հարցերը երևան են եկել՝ զինյալ իսլամիստ ահաբեկիչների չեզոքացումից մինչև Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգում, որոնց շուրջ չկա կոնսենսուս ոչ մի կողմի մոտ։
- Մի քիչ էլ պատմություն. սա առաջին դեպքն է Առաջին համաշխարհային պատերազմից ի վեր, երբ Ռուսաստանը Թուրքիայի զինվոր է սպանել։ Նույնիսկ 2015թ. ռուսական կործանիչի խոցումից հետո նման բան չարձանագրվեց:
- Բոլոր առումներով այս կրիտիկական իրավիճակը ջրբաժան է բոլոր կողմերի համար, այդ պատճառով էլ վերածվելու է կյանքի ու մահվան կռվի։
- Չմոռանանք, որ ինչ տեղի է ունենում էնտեղ, առանց որևէ խնդիր կարող է ազդել նաև մեզ վրա՝ Արցախում լարվածությունից մինչև սահմանային անվտանգություն։
Զգոն լինե՛նք։

Կհետևենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել