168.am-ը գրում է․

Աշխարհը շարունակում է պայքարել կորոնավիրուսի դեմ, վիրուսից ավելի քան 2700 մարդ է մահացել, տարբեր երկրներում փակվում են դպրոցները, հետաձգվում են կարևոր միջոցառումները, վիրուսը, ավելի քան երբևէ, մոտ է Հայաստանին, Իրանում մահացածների թիվը, վերջին տվյալներով՝ հասել է մոտ երեք տասնյակի, վարակի գրանցված դեպք կա հարևան Վրաստանում:

Երևանում մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով նախատեսվում է երթ, մարտի 2-ից կմեկնարկի ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ակտիվ քարոզչությունը, բայց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կարծիքով՝ կորոնավիրուսը շատ վտանգավոր վարակ չէ, ու բաց տարածքներում հավելյալ սահմանափակող միջոցառումների կարիք նախարար Թորոսյանը դեռ չի տեսնում։

«Կորոնավիրուսը ռեսպիրատոր հիվանդություն է, որոնք հիմնականում տարածվում են ձմեռային շրջանում, ինչպես, օրինակ՝ նույն գրիպի վիրուսը, և միշտ էլ մենք խորհուրդ ենք տվել, որ, եթե կա կասկած որևէ հիվանդի առկայության այդ վարակով, ասենք՝ գրիպով կամ այլ ռեսպիրատոր վարակով, ցանկալի է, որ, օրինակ՝ նա փակ տարածքներում չգտնվի այլ մարդկանց հետ, փակ տարածքները պարբերաբար օդափոխվեն, բայց բաց տարածքների մասով նման առաջարկությունն իմաստ չունի, որովհետև բաց տարածքներում հիմնականում վիրուսներն արագ ոչնչանում են»,- այսօր լրագրողների հետ ճեպազրուցում ասել է Արսեն Թորոսյանը:

Իսկ գուցե նախարարը սրանով փորձում է բնակչությանը խուճապի չմատնե՞լ, չվախեցնե՞լ, որ ակտիվ մասնակցություն ունենան թե՛ մարտի 1-ի երթին, թե՛ հանրաքվեի քարոզչությանը, և թե՛ հանրաքվեին:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ չի բացառվում այն փաստը, որ նախարարի հայտարարությունը՝ բաց տարածքներում կորոնավիրուսի ոչնչացման մասին, կարող է հենց այդ նպատակով օգտագործվել:

«Կարող է, իհարկե, օգտագործվել, որովհետև բոլոր այն տեղերը, որտեղ մարդկանց զանգվածային հավաքներ են տեղի ունենում, վտանգը, որ կորոնավիրուսի վարակը հեշտությամբ կտարածվի՝ տարածված տեսակետ է: Եվ բնական է, որ իշխանությունների համար շատ կարևոր այս միջոցառումներին, ոչ այնքան՝ մարտի 1-ի հանրահավաքը, չնայած դա էլ է կարևոր PR տեսակետից, այլ մարտի 2-ից սկսվող քարոզարշավը  կարող է մարդկանց զսպել՝ չմասնակցել այդ քարոզարշավին, այդ ցույցերին, երթերին, որովհետև կորոնավիրուսի հետ կապված խնդիր, վախ կա: Եվ դրա համար բնական է, որ նախարարը կարող է նաև, չի նշանակում, որ հաստատ այդ պատճառով, բայց չի բացառվում, որ կարող է՝ նաև արհեստական հարցերը չեզոքացնելու համար նման տեսակետ է հայտնել, որպեսզի քաղաքացիների մոտ վտանգ չառաջանա երթերի գնալու»,- 168.am-ին ասաց Արմեն Բադալյանը:

Այդուհանդերձ, քաղտեխնոլոգի կարծիքով, եթե քաղաքացին վախեցած է, իր վրա ոչինչ ոչ մի ազդեցություն չի ունենա:

«Կարծում եմ, որ դա չի օգնի, որովհետև, եթե քաղաքացին վախեցավ, նախարարը չլինի, վարչապետն էլ հետը լինի ու հայտարարի, որ ոչ մի բան չկա, քաղաքացին դուրս չի գա, որովհետև քաղաքացին տեսնում է՝ ինչ է կատարվում թե՛ հարևան երկրներում, թե՛ Չինաստանում, թե՛ այլ տարածքներում»,- ասաց Արմեն Բադալյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել