Armdaily.am-ը գրում է․
Այսօր ArmDaily.am-ը նկատել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կայքում թարմացումներ չեն եղել։ Կայքի՝ ՔՊ-ն կառավարությունում հատվածում հին ինֆորմացիա է տեղադրված, որում մի շարք կառավարության ներկայացուցիչներ ներկայացվում են դեռևս իրենց հին պաշտոններում։
Նյութի հետ կապված ՔՊ-ից մեզ փոխանցեցին, որ կուսակցությունը շուտով նոր կայք է ունենալու, ինչի պատճառով էլ այս կայքում դեռևս չթարմացված ինֆորմացիա է տեղադրված։ Հարցին՝ ե՞րբ պատրաստ կլինի նոր կայքը, ՔՊ-ից փոխանցեցին, որ մոտավորապես երկու շաբաթից։ Հարցին՝ վերջին անգամ ե՞րբ է թարմացվել կայքը, ՔՊ-ից փոխանցեցին, որ հեղափոխության օրերին։
Նշենք, որ ՔՊ-ի կայքում դեռ կա Սփյուռքի, Մշակույթի նախարարություններ և դրանց նախարարներ։ Նախարարությունների անունները վերափոխված չեն։ Օրինակ՝ Հակոբ Արշակյանը ոչ թե Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն է, այլ՝ տրանսպորտի և կապի, իսկ ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանն էլ այդ արդեն գոյություն չունեցող նախարարության փոխնախարարն է։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՔՊ-ի տվյալներով, Բնապահպանության փոխնախարարն է, ի դեպ Բնապահպանության նախարարություն այլևս գոյություն չունի, այն այժմ կոչվում է Շրջակա միջավայրի նախարարություն։ ՔՊ-ի կայքում Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը հասարակ պատգամավորներ են, ոչ թե ԱԺ փոխնախագահներ. պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը դեռ ԱԳ փոխնախարարն է, իսկ ԱԺ նախագահը Կառավարությունում է աշխատում՝ առաջին փոխվարչապետի պաշտոնում։ ԱԺ պատգամավորներ Վահե Ղալումյանն ու Կարեն Սարուխանյանն էլ մարզպետի գործին են դեռ, իսկ Լուսինե Առաքելյանը դեռ Կրթության և գիտության փոխնախարարն է։