Չինաստանի սահմաններից դուրս COVID-2019 կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թվաքանակը փետրվարի 25-ին առաջին անգամ ավելի մեծ է եղել, քան ՉԺՀ-ի տարածքում: Այդ մասին փետրվարի 26-ին Ժնեւում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Այսպես, ԱՀԿ-ի տվյալներով, փետրվարի 25-ին Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 411-ով, իսկ ՉԺՀ-ի սահմաններից դուրս՝ 427-ով: Գեբրեյեսուսը հայտարարել է, որ առայժմ հիմքեր չկան նոր կորոնավիրուսի բռնկումը համավարակ (պանդեմիա) հայտարարելու համար: Նա նշել է, որ այդ բնորոշման օգտագործումը կարող է դառնալ այն բանի ազդանշանը, որ համաշխարհային հանրակցությունն ի իր զորու չէ զսպել վարակի տարածումը, ինչը չի համապատասխանում իրականությանը:

Անդրադառնալով Չինաստանում միջազգային առաքելության փորձագետների աշխատանքի արդյունքներին՝ Գեբրեյեսուսը նշել է, որ դրանք «պետք Է բոլոր երկրներին տան հույս, արիություն եւ այն բանի վստահությունը, որ վիրուսի տարածումը կարելի է կասեցնել»: ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ երկրում գրանցվել է Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահվան 52 դեպք եւ հայտնաբերվել է 406 նոր հիվանդացած: Դեկտեմբերից ի վեր կորոնավիրուսի զոհերի թիվը կազմել է 2715, գրանցվել է հիվանդանալու 78 հազար 64 դեպք: Անցած 24 ժամվա ընթացքում մահվան բոլոր 52 դեպքերը գրանցվել են վարակի տարածման Էպիկենտրոնում՝ Հուբեյի նահանգում:

Այստեղ են հայտնաբերվել ամբողջ երկրում 406 հիվանդացածներից 401-ը: Չինաստանի իշխանություններն արդեն 100,87 մլրդ յուան (ավելի քան 14,36 մլրդ դոլար) են ծախսել այն միջոցառումների վրա, որոնք ուղղված են նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին: Կառավարությունը շարունակում է ակտիվորեն ֆինանսավորել վարակվածների բուժման, հաստատությունների եւ օբյեկտների վարակազերծման, բնակչության պաշտպանության ապահովման անհրաժեշտության հետ կապված այլ գործունեության ծախսերը: Միջոցների զգալի մասն ուղարկվում է Հուբեյի նահանգ, որտեղ առավել մեծ թվով վարակվածներ են գրանցվել: Կենտրոնական պետական բյուջեին բաժին է ընկնում երկրում բոլոր հատկացումների մոտավորապես երրորդ մասը, մնացածը տարածաշրանների վարչակազմերն ապահովում են ինքնուրույն կերպով: Սինգապուրցի բժիշկներն աշխարհում առաջին անգամ սկսել են օգտագործել հետազոտության շիճուկաբանական մեթոդը, որը հիմնվում է հակամարմինների ուսումնասիության վրա եւ թույլ է տալիս ավելի ստույգ որոշել նոր կորոնավիրուս ունեցողին, նույնիսկ եթե մարդու մոտ հիվանդության ախտանիշները շատ թույլ են արտահայտված կամ բնավ բացակայում են: Այդ մեթոդը, նշել են առողջապահության նախարարությունում, «նաեւ օգնում է պարզել ախտահարվածների շղթան եւ հայտնաբերել վիրուսի տարածման սկզբնական աղբյուրը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել