ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը երախտագիտություն է հայտնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աջակիցներին՝ դատավարության ընթացքում իրենց աջակցությունը հայտնելու համար։
Գրասենյակի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը երախտագիտություն է հայտնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հազարավոր աջակիցներին՝ Սերժ Սարգսյանին առաջադրված շինծու մեղադրանքով այսօր մեկնարկած դատավարությանը, չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին, ներկա գտնվելու եւ, ըստ էության, քաղաքական հետապնդման ենթարկվող պետական, քաղաքական գործչին, Արցախի հերոսին իրենց ներկայությամբ սատարելու, հրապարակային աջակցություն հայտնելու համար:
Շնորհակալություն ենք հայտնում նաեւ Հայաստանում, Արցախում եւ արտերկրում բնակվող մեր այն բազմահազար հայրենակիցներին, ովքեր իրենց հեռախոսազանգերով, գրասենյակ ուղարկած բազմաթիվ նամակներով դատապարտում են Հայաստանում ներկայիս իշխանությունների օրոք իրականացվող հերթական քաղաքական հետապնդումը եւ անվերապահ աջակցություն հայտնում ՀՀ երրորդ նախագահին:
Սերժ Սարգսյանը համոզված է, որ հանուն արդարության պայքարում հաղթանակն այլընտրանք չունի, եւ այսօր Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բազմաթիվ անարդարությունները, ապօրինություններն ու քաղաքական հակառակորդների հետապնդման փորձերը դատապարտված են ձախողման»:
Նշենք, որ այսօր դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ մեկնարկեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի գործով առաջին դատական նիստը։
Նիստին Սերժ Սարգսյանի պաշտպանական կողմը մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց։ Բացարկ ներկայացնելու հիմքը, ըստ պաշտպանների, սույն գործով նախաքննությանն ընթացքում եղած մի շարք խախտումներն ու թերացումներն են, որոնց սակայն հսկող դատախազը ոչ միայն չի արձագանքել, եւ, ըստ պաշտպանների, անգամ ինքն է թույլ տվել գործի արդարացի քննության, անմեղության կանխավարկածի եւ այլ խախտումներ։
Դատարան բացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը հրապարակելու է վաղը՝ փետրվարի 25-ին։
Հավելենք, որ դատաքննությանը զուգահեռ դատարանի բակում հավաքվել էին երրորդ նախագահի աջակիցները։
Նշենք, որ Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանը։
Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին եւ Գեւորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):