Փետրվարի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց տվեց Հանրային հեռուստաընկերության եթերում։ Առայժմ չանդրադառնալով այնտեղ հնչած բազմաթիվ թեմաներին և մտքերին՝ ցանկանում եմ կենտրոնանալ մեկ կարևոր խնդրի վրա։ Խոսելով Արցախյան կարգավորման ներկա ընթացքի մասին՝ պարոն Փաշինյանը տառացիորեն ասաց հետևյալը․

«Մենք ասում ենք, որ այդ ստատուս քվոն, երբ ձևավորվել է, երբ Արցախի ինքնապաշտպանական ուժերն այդ տարածքները վերցրել են վերահսկողության տակ, նրանք դա արել են, որպեսզի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղից հնարավորինս հեռացվեն այնքան, որպեսզի դառնան անհասանելի: Եթե կա առաջարկ անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիքի, այդ առաջարկը թող ձևակերպվի, և հայ ժողովուրդը կքննարկի՝ դա իր համար ընդունելի է, թե ոչ»։

Քանի որ սա շատ տարողունակ միտք է, և պարոն Փաշինյանը հաճախ է հղում կատարում ժողովրդի վրա, սակայն մինչև վերջ չի բացահայտում խնդրո առարկայի վերաբերյալ սեփական մոտեցումները, ցանկանում եմ նրան մի քանի պարզ հարց ուղղել այդ մոտեցումները ավելի լավ հասկանալու նպատակով․

ա) Արդյո՞ք այս մտքից հետևում է, որ խնդրո առարկա տարածքները Ձեզ համար ընդամենը անվտանգության գոտի են, և Դուք պատրաստ եք նրանցից հրաժարվել, եթե Ձեզ «անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիք» առաջարկվի։

բ) Եթե այո, ապա ո՞րն է այն անվտանգության գործիքը, որի դեպքում անձամբ Դուք պատրաստ կլինեք այդ տարածքներից հրաժարվել։ Ընդհանրապես, Ձեր կարծիքով ո՞րն է մեր ժողովրդի անվտանգության ապահովման այն իդեալական գործիքը, որին մենք պետք է միասնաբար ձգտենք։

գ) Եթե համարում եք, որ այս հարցում առանցքային է ժողովրդի կարծիքը, ապա ինչպե՞ս եք պատրաստ այն իմանալ։ Պատրա՞ստ եք արդյոք այս հարցով նույնպես հանրաքվե անցկացնել։

դ) Եթե այդպիսի հանրաքվեի արդյունքում ժողովրդի մեծամասնության կարծիքը տարբերվի Ձեր մոտեցումից, ի"նչ եք պատրաստ անել այդ դեպքում։

ե) Եթե Արցախի բնակչության և իշխանությունների կարծիքը ևս տարբերվի Ձեր մոտեցումից, ինչպե՞ս եք պատրաստվում լուծել առկա հակասությունները։

Հուսով եմ՝ պարոն Փաշինյանն առաջիկայում կկարողանա իր ընտրողներին պատասխաններ տալ այս և այս ոլորտում առաջացող շատ այլ հարցերի վերաբերյալ։ Ուրախ կլինեմ նաև, եթե նա առաջին հարցին «ոչ» պատասխանի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել