Հայտնի կինոարտադրողների անվանումներն ու էմբլեմաները բոլորիս շատ լավ հայտնի են։ Ֆիլմերի կամ սերիալների սկսվելու ժամանակ առաջինը մեզ ցուցադրում են ստեղծող կազմակերպության լոգոտիպը։ Մենք դրանք ընկալում ենք որպես սովորական նկարներ և չենք մտածում, թե ինչ գաղափար է թաքնված դրանց մեջ։ Սակայն իրականում այդ լոգոտիպների հետ կապված հետաքրքիր պատմություններ կան։
Paramount Pictures
Վարկածներից մեկի համաձայն՝ կազմակերպության հիմնադիրներից մեկը՝ Ուիլյամ Հոդկինսոնը, լոգոտիպի էսքիզը նկարել է ռեստորանում, սովորական անձեռոցիկի վրա։ Այն հիշեցնում է Յուտա նահանգում գտնվող Բեն Լամոնդի գագաթը։ Այդ լեռը խորհրդանշում է հաջողության հասնելու ձգտում և ճանապարհին բոլոր խոչընդոտները հաղթահարելու կամք։ Լոգոտիպի առաջին տարբերակի վրա եղել են 24 աստղեր, որոնք համապատասխանում են կազմակերպության հետ պայմանագիր ստորագրած առաջին գերաստղերի քանակին, այնուհետև անհայտ պատճառներով աստղերի քանակը դարձել է 22։
Columbia Pictures
Կազմակերպության լոգոտիպի համար օգտագործվել է միսս Կոլումբիայի դեմքը։ Միսս Կոլումբիան երկրի խորհրդանիշներից մեկն էր, որը հայտնվել էր ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմից հետո։ Ի տարբերություն քեռի Սեմի՝ նրա կերպարը չի ֆիքսվել, և հագուստը հաճախակի փոփոխվել է։ Այս փոփոխությունները հնարավոր է տեսնել նաև կազմակերպության լոգոտիպի վրա։ Սկզբնական տարբերակում կինն իր ձեռքին պահում էր ձիթապտղի ճյուղ և վահան, այնուհետև ձեռքերի մեջ ջահ հայտնվեց, իսկ գլխին՝ գլխարկ։ Վերջին տարբերակում նա խիստ սանրվածքով կանգնած է պատվանդանի վրա։
Metro Goldwyn Mayer
Թե ինչու է կազմակերպությանը խորհրդանիշ դարձել առյուծը, հայտնի չէ։ Վարկածներից մեկի համաձայն՝ լոգոտիպի հեղինակը ոգեշնչվել է Կոլումբիական համալսարանի խորհրդանիշ «Roar, Lion, Roar» երգից։ Համր կինոյի դարաշրջանում առյուծը լուռ էր և արդեն ժամանակի ընթացքում սկսեց մռնչալ։ Հետաքրքիրն այն է, որ հեռուստադիտողներն առյուծի ձայնն ավելի շուտ են լսել, քան ի հայտ է եկել ֆիլմերի ձայնակցումը։ Նրա մռնչյունը ֆոնոգրաֆով ձայնագրել էին և ամեն անգամ ֆիլմ ցուցադրելուց առաջ միացնում էին այն։
Լոգոտիպի ստեղծմանը մասնակցել են 7 առյուծներ, սակայն ամենահայտնին դարձել է երրորդը՝ Թանները, որի աշխատանքային տարիները համընկնում են ստուդիայի ոսկե դարաշրջանի հետ։
Warner Bros. Entertainment
Լոգոտիպին նայելիս միանգամից հիշում ես հայտնի «Կա՛մ վահանով, կա՛մ վահանի վրա» արտահայտությունը։ Եվ իրոք, իր գոյության ողջ ընթացքում կազմակերպությունը եղել է վահանով։ Եվ անգամ սնանկանալու ժամանակ կազմակերպությունը գնվեց մի սինդիկատի կողմից, որի հիմնական ներդրողը չորս եղբայրներից կրտսերն էր։ Ընտանիքում սկանդալ սկսվեց, սակայն գլխավորն այն է, որ կազմակերպությունը մնաց նույն ընտանիքի անդամի ձեռքում։ Լոգոտիպը մի քանի անգամ փոփոխության է ենթարկվել։ Հիմնական գաղափարը՝ W և B (Warner Brothers – Ուորներ եղբայրներ) տառերով վահանը, մնացել է անփոփոխ։ Փոխվել է միայն արտաքին տեսքը։