Եթե հաշվենք ԴՆԹ-ի վրա մեթիլ հետքերը, ապա պարզ կդառնա, որ մարդն ապրում է շատ ավելի երկար, քան «ծրագրված է» բնության կողմից։ Ներկայումս գոյություն ունեցող և մահացած ողնաշարավորների կյանքի տևողությունը հնարավոր է հաշվել ԴՆԹ-ի վրա մեթիլ հետքերի պատկերով։ Ողնաշարավորների տեսակ հանդիսացող մարդն արդեն իսկ գերազանցել է իր համար նախատեսված կյանքի տևողության չափը։
Տարբեր ողնաշարավորների կյանքի տևողության սահմանները խիստ տարբերվում են։ Օրինակ՝ փոքրիկ ձուկ Eviota sigillata-ն ապրում է միայն 8 շաբաթ, իսկ գրենլանդյան շնաձուկ Somniosus microcephalus-ն ունակ է ապրելու մինչև 400 տարի։
Scientific Reports գիտական ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրության հեղինակներն առաջարկում են ԴՆԹ-ից յուրահատուկ ինֆորմացիա ստանալ։ Նրանք 252 տեսակ կենդանիների, որոնց կյանքի միջին տևողությունը հայտնի է, գենոմների նկատմամբ կիրառել են էպիգենետիկ ժամացույցի եղանակը, որը հիմնված է մեթիլ հետքերով տարիքային փոփոխությունների վրա։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կյանքի տևողության բացահայտման համար բավական է 42 գենում ԴՆԹ-ի մեթիլացման մասին տվյալներ։
Գիտնականները հետաքրքիր արդյունքներ են ստացել։ Օրինակ՝ պարզվել է, որ գրենլանդյան կետի կյանքի միջին տևողությունն այսօր կազմում է 268 տարի, ինչը 57 տարով ավելի է այս կենդանատեսակի ամենավաղ ներկայացուցչի կյանքի միջին տևողությունից։ Մամոնտների դեպքում գնահատականը կազմել է 60 տարի, ինչը մոտավորապես համապատասխանում է ժամանակակից աֆրիկյան փղի կյանքի տևողությանը։
Մարդու կյանքի «բնական ու նախնական» տևողությունը կազմել է 38 տարի։ Հենց այսքան են ապրել մեր նախնիները՝ նեանդերթալացիներն ու դենիսովները։