Pastinfo.am-ը գրսւմ է․

Հունվարի 30-ին զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով երեք մեղադրյալներից մեկի խափանման միջոցը փոխվել է։ «Փաստինֆո»-ին ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ հրամանատարության հսկողությանը հանձնելը։ 

Հիշեցնենք, որ խաղաղ պայմաններում զինված ուժերում մահվան ելքով հերթական դեպքերից մեկը գրանցվել է հունվարի 30-ին։ ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, հրազենային վիրավորումից մահացավ ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը։

Քննչական կոմիտեն տեղի ունեցածը որակել է որպես ինքնասպանություն ու քրեական գործ հարուցել ` ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Ըստ ՔԿ-ի ներկայացրած վարկածի՝ զինծառայողն իր ինքնաձիգից կրակել է իր կրծքավանդակին։ Հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին. Նրանք պնդում են, որ սպանությունը ներկայացվում է որպես ինքնասպանություն ու փետրվարի 2-ին սպանված զինվորի դագաղը ձեռքներին շարժվում էին դեպի Երեւան՝ ի նշան բողոքի:

Մահացած զինծառայողի հարազատները ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո դադարեցրել են բողոքի գործողությունը: Նույն օրը քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տարածեց քրեական գործով երեք ձերբակալությունների մասին։

«2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ

Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում»,- նշված է ՔԿ պաշտոնական հաղորդագրության մեջ, իսկ օրեր անց՝ փետրվարի 6-ին հայտարարվեց, որ երեք կասկածյալներին էլ մեղադրանք է առաջադրվել ու նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը։

«Փաստինֆո»-ին այսօր հայտնի դարձավ, որ մեղադրյալներից մեկը ցուցմունք է տվել ու փոխվել է նրա խափանման միջոցը։ ՔԿ-ն մասամբ հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ մեղադրյալներց մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը, սակայն, թե որն է պատճառը, որ նույն հոդվածով մեղադրվող երեք զինվորներից միայն մեկի խափանման միջոցը փոխվել է՝ չմանրամասնվեց։

Հայտնի է նաեւ, որ Դ.Մովսիսյանը, որը ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է, կալանքի տակ է եւ նրա փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով փոխել խափանման միջոցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել