Operativ.am-ը գրում է.
Սաուդյան Արաբիան ցանկանում է, որ համաշխարհային արտադրողներն արագ պայմանավորվեն նավթի արդյունահանման կրճատման հարցի շուրջ, քանի որ չինական կորոնավիրուսը հարվածում է պահանջարկին, իսկ դանդաղումն անցյալում հանգեցրել է գների թանկարժեք անկման, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով թագավորության դիրքորոշմանը ծանոթ աղբյուրներին:
Էր Ռիադն աշխատում է այն ուղղությամբ, որ ՕՊԵԿ-ին եւ կազմակերպության գործընկերներին՝ Ռուսաստանի գլխավորությամբ համոզի միջոցներ ընդունել հնարավորինս արագ:
ՕՊԵԿ-ի գրեթե բոլոր անդամները հանդես են եկել առաջարկվող արտադրության կրճատման օգտին, այդ թվում՝ Վենեսուելան եւ Իրանը, որոնք անցյալում համանման քայլերի վերաբերյալ հաճախ Սաուդյան Արաբիայի հետ համաձայն չէին: Բայց Ռուսաստանն առայժմ իր դիրքորոշումը չի հայտնել, ինչը հիասթափեցնում է որոշ այլ արտադրողների:
Էր Ռիադն այս անգամ հնարավոր ավելի մեծ ազդեցություն է տեսնում նավթի պահանջարկի վրա, քան 2002-2003 թվականների ատիպիկ թոքաբորբի համաճարակի ժամանակ, քանի որ հիմա Չինաստանը համաշխարհային տնտեսության մեջ շատ ավելի մեծ դերակատարում ունի, հայտնել են աղբյուրները:
ՕՊԵԿ-ում աղբյուրներից մեկն ասել է, որ Էր Ռիադը ցանկանում է արդյունահանման արագ կրճատում, որպեսզի «սահմանի գների ստորին շեմ»:
«Սաուդցիները ցանկանում են առաջ անցնելով գործել եւ նավթի գները պահպանել բարելի դիմաց 60 դոլար եւ ավելի մակարդակում»,- ասել է աղբյուրը:
ՕՊԵԿ+ տեխնիկական կոմիտեն խորհուրդ է տվել նավթարդյունահանումը կրճատել օրական եւս 600 հազար բարելով եւ հիմա սպասում է այս առաջարկի վերաբերյալ Ռուսաստանի վերջնական որոշմանը, անցյալ շաբաթ հայտնել էին ՕՊԵԿ+-ում երկու աղբյուրները: