Pastinfo.am-ը գրում է.

Ապրիլի 5-ին սպասվող հանրաքվեի «Այո»-ի շտաբը, ինչպես արդեն հայտնի է, կգլխավորի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Դեռեւս հարցական է՝ կձեւավորվի՞ արդյոք «Ոչ»-ի շտաբ, թե՞ հանրաքվեն կանցկացվի միակողմանի քարոզարշավի մթնոլորտում։

«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ «Ոչ» քարոզչական շտաբ նախաձեռնելու համար կարող է դիմել և գրանցվել նախագծին դեմ քվեարկած պատգամավորը կամ պատգամավորները՝ 7-օրյա ժամկետում։ Այսօր պարզ դարձավ , որ Սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծը հանրաքվեի դնելու նախագծին «դեմ» քվեարկած ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ը ՝ «Ոչ»-ի շտաբ չի ձեւավորելու։ Այս դեպքում՝ սահմանված ժամկետն սպառվելուց հետո 50 հոգանոց քաղաքացիների խումբը կարող է գրանցվել որպես «Ոչ» քարոզչական նախաձեռնություն։ Եթե այս նախաձեռնությունն էլ չձեւավորվի, հանրաքվեի քարոզչությունը կիրականացնի միայն «Այո»-ի շտաբը։

Իրավական տեսանկյունից սա խնդրահարույց չէ, բայց մասնագետները հանրաքվեի քաղաքական լեգիտիմության խնդիր են տեսնում։

«Դա կվկայի այն մասին, որ հասարակության մեջ բավական մեծ տեղ ունի այն մոտեցումը, որ առհասարակ այս հանրաքվեի անցկացումը իրավաչափ չէ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Անդրադառնալով 50 հոգանոց նախաձեռնության ձեւավորման հնարավորությանը, Ռուբեն Մելիքյանն ասաց, որ այն իսկապես պետք է ընկալելի լինի հանրության շրջանում։ «Եթե լինի նախաձեռնող խումբ, ապա պարտադիր այդ նախաձեռնող խումբը պետք է հանրության կողմից ընկալվի որպես վստահելի եւ որեւէ կերպ իշխանության վերահսկողության տակ չգտնվող, հակառակ դեպքում առանց այն էլ իրավականորեն խոցելի հանրաքվեն շատ ավելի խոցելի կդառնա նաեւ քաղաքական տեսանկյունից»,-շեշտեց իրավապաշտպանը։

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը անդրադառնալով «Այո»-ի ու «Ոչ»-ի ձեւավորման խնդրին, նշեց, որ ԲՀԿ-ի հարցը ընդհանրապես չարժե դիտարկել, որովհետեւ խորհրդարանական այդ խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը։

Նա շեշտեց՝ ձեւավորվելիք շտաբները կոնկրետ անելիք ունեն՝պետք է քարոզչություն իրականացնեն, հանձնաժողովներում ներկայացվածություն ունենան։
Սահմանադրագետը սակայն նկատեց՝ առհասարակ, երբ իրավական պրոցեսներն ու սահմանադրական նորմերն են խախտվել, արդյո՞ք նպատակահարմար է մասնակցել այդ հանրաքվեին եւ անուղղակիորեն այն լեգիտիմացնել։

«Որպես իրավական համայնքի ներկայացուցիչ, ինձ համար էլ ՝ խնդիր է որքանո՞վ է արդարացված ոչ լեգիտիմ նախագծի շուրջ իրականացված հանրաքվեին ակտիվ մասնակցություն ցուցաբերելը, որովհետեւ հանրաքվեն իրավամեկնաբանման սուբյեկտիվ խնդիր չէ, ակնհայտորեն խախտվել են Սահանադրության դրույթները, նույն նախատեսվող փոփոխությունները բովանդակային տեսանկյունից հակասահմանադրական են եւ կարեւորագույն ՝ իրավական պետության սկզբունքներն են ոտնահարվում , սակայն , մյուս կողմից, խնդրահարույց է նաեւ ընդհանրապես ոչինչ չիրականացնելը եւ այս գործընթացներից ձեռնպահ մնալը, որովհետեւ, եթե այդ մասնակցությունը չապահովվի ,հանրությանը միակողմանի են ներկայացվելու առաջարկվող փոփոխությունները»,-շեշտեց սահմանադրագետը։

Նշենք, որ հանրաքվեի արդյունքները որոշվելու են ստացված «այո»-ների քանակով։ «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ հանրաքվեի դրված օրենքի կամ փոփոխության նախագիծը կհամարվի ընդունված, եթե նախագծին քվեարկի քվեարկության մասնակիցների կեսից ավելին, սակայն ոչ պակաս, քան քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի ¼-ը, այսինքն, մոտավորապես 650 հազարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել