Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին վերաբերող՝ ԶԼՄ-ների հարցերին։ Արձագանքում ասվում է.

«Ի պատասխան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի առնչությամբ լրատվամիջոցների բազմաթիվ հարցերի՝ հայտնում ենք.

Հանրապետության նախագահը ստորագրել է ապրիլի 5-ը հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիրը՝ ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածի դրույթներով, որի համաձայն Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե:

Միաժամանակ, կարևորելով սահմանադրական բարեփոխումները, ինչպես նաև օրենքի գերակայությունը պահպանելու, Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձր պահելու անհրաժեշտությունը, Հանրապետության նախագահը չի բացառում իր կողմից հետագա քննարկումների շարունակումը, հասարակական-քաղաքական խմբերի, մասնագիտական համայնքի, պետական մարմինների՝ Ազգային ժողովի, կառավարության, Սահմանադրական դատարանի հետ խորհրդատվությունների անցկացումը, խորհրդատվական կարծիքի համար միջազգային համապատասխան կառույցներին և փորձագետներին դիմելը:

Հանրապետության նախագահը մշտապես արտահայտել է իր սկզբունքային դիրքորոշումը պետական և հասարակական կյանքին առնչվող կարևորագույն որոշումները ժողովրդի անմիջական կամարտահայտությամբ՝ հանրաքվեով որոշելու նպատակահարմարության և անհրաժեշտության մասին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել