Pastinfo.am-ը գրում է.

Վարչապետ Փաշինյանի էջում՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «այո» ասողների շրջանում երեկ կատարած մինի-մոնիտորինգի արդյունքում իրար հետևից շուրջ 50-60 օգտատատերերից միայն մի քանիսին գտա, որ ոչ թե ֆեյք էին, այլ՝ իրական մարդիկ, մնացածն ակնհայտ հորինված պրոֆիլներ էին: Ինչ խոսք, այդ պրոֆիլների հետևում շնչավոր մեկը կար, սակայն այնպիսի մեկը, որը ֆեյք-լաբորատորիայի ադմիններից էր:

«Այո» ասողների տիպաբանական մոնիտորինգն էլ մեկ այլ հետաքրքիր պատկեր է ցուցանում: Պարզվում է՝ ՍԴ նախագահից ձերբազատվելուն վերաբերող Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «այո» ասողների ցանկում իմքայլականների և սորոսականների կողքին են 90-ականներից օտար երկրներում բնավորված-տնավորված մեր երկքաղաքացի հայրենակիցները, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, աղանդավորները: Կամ՝ նշածս միավորները ներկայացնող ֆեյքերը: Մի խոսքով, տպավորությունս այնպիսի էր, որ եթե ապրիլի 5-ին ֆեյքերը չկարողանան ՀՀ քաղաքացու անձնագրեր «ստանալ», ապա այն հաստատ, կտապալվի:

Թերևս, այս է պատճառը, որ ՀՀ նախագահի ստորագրությունը դեռ չսառած, Փաշինյանն արդեն հենց Արամ Խաչատրյան համերգասրահից տվեց / ընդ որում, դարձյալ անօրինական/, քարոզարշավի մեկնարկը՝ դիմելով օտար ափերում ապրող հայերին, թե բա՝ ապրիլի 5-ին սպասում ենք ձեզ, եկեք, հեղափոխությունը փրկեք:

 

Իրականում, այս ամենը շատ զվարճալի կլիներ, եթե Հայաստան -Արցախ՝ ազգովի լրջագույն մարտահրավերների առաջ կանգնած չլինեինք: Բայց արտաքին և ներքին կարևորագույն խնդիրներրը թողած, ուղղակի թիթեռ նկարելով պիտի զբաղվենք: Եվ որքան էլ իշխանությունները՝ վերից վար կոկորդ պատռեն, թե՝ հեղափոխությունը փրկելու համար ՍԴ նախագահը պիտի հեռանա, թե՝ օրինականության համար են օրենքները խախտում, անհատի պաշտամունքից կուրացածների նոսրացող շարքերից զատ այլք չեն հավատալու: Եղիշեի հանճարեղ «Լավ է կույր աչոք, քան կույր մտոք»՝ իմաստնությունը նրանց համար է:

Մեծ հաշվով, դերակատար են լինելու իրենց իշխանությունն ատամներով պահողները:
Ի դեպ, հանրաքվեն երբեք էլ հանրությանը դեպի ընտրատեղամասեր տանող թեմա չի եղել, քանզի մարդկանց հիմնական մասը գնում է ընտրելու կոնկրետ անձի: Ընդ որում, կուսակցությունն էլ հաճախ անձնավորված են ընտրում: Վկան՝ ՔՊ-ի՝ 2018-ի դեկտեմբերյան ընտրությունն էր, երբ մարդիկ գնացին ընտրելու մեն մի մարդու: Հիմա՝ այդ մարդն էլի նույն՝ անձի պաշտամունքի մոտիվն է խաղարկում, սակայն, 2018-ի գնացքն արդեն գնացել է:

Բայց դա էլ կարծես թե շիրմա է, իրականում շատ հստակ է, որ հանրությանը առաջիկա 2 ամիսներին հանրաքվեով պայմանավորված սև-սպիտակի բաժանելու, ազգի մի հատվածից թշնամիներ կերտելու մի նոր ծրագիր է հղանում իշխանությունը, որպեսզի կոծկի արդեն տևական ժամանակ սողացող, իսկ առաջիկայում ակնհայտորեն երկրի և ազգի թիկունքում կատարվելիք քայլերը: Կարևորներից ամենակարևորը՝ Արցախի թեման է: Նախորդ տարվանից փոխանցված թեմաները վրա-վրա գալու են. և՛ ստամբուլյան կոնվենցիան, և Ամուլսարը, և Ռոբերտ Քոչարյանի գործը, որոնք փորձ է արվելու խլացնել հանրաքվեի աղմուկ-աղաղակի միջոցով:

Արդեն իսկ ՍԴ դատավորների լուսանկարներն են իշխանական կատարածուներն իրենց կեղտոտ գրառումներով տարածում սոցցանցերում:

Ազգը թշնամի բանակների բաժանելուն հաջորդող՝ բզիկ-բզիկ անելու, փսորելու ծրագրը սկսել են: Ներսուդրսից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել