Operativ.am-ը գրում է.
Բելառուսի եւ Ռուսաստանի կառավարությունները կքննարկեն ԲելԱԷԿ-ի կառուցման վարկի պայմանները: Այդ մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի վարչապետ Դմիտրի Կրուտոյը՝ մեկնաբանելով փետրվարի 7-ին Սոչիում բարձր մակարդակում կայացած բանակցությունների արդյունքները, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
«Բավականին շատ ժամանակ են նախագահները հատկացրել Օստրովցում ատոմային էլեկտրակայանի կառուցման կապակցությամբ իրավիճակը քննարկելու շուրջ: Ներկայումս դա, հավանաբար, ամենանշանակալի համատեղ ինտեգրացիոն նախագիծն է: Առաջին բլոկում մենք այժմ անցնում ենք մեկնարկային աշխատանքների շատ կարեւոր փուլով: Հասկանալի է, որ այստեղ շատ կարեւոր է մանրակրկիտ քննել հարցը եւ ստուգել բոլոր քայլերը շատ մեծ ուշադրությամբ,-նշել է առաջին փոխվարչապետը:-Հանձնարարված է մինչեւ փետրվարի վերջ բոլոր պատասխանատուներին (ե՛ւ «Ռոսատոմ»-ին, ե՛ւ մեր Էներգետիկայի նախարարությանը) աշխատանքների առաջին բլոկն ավարտելու վերջնական ժամանակացույցը հաստատել»:
«Ավելին, կառավարությունների մակարդակում պետք է անցկացվեն բանակցություններ կայանը ֆինանսավորելու վարկի պայմանները քննարկելու շուրջ՝ հաշվի առնելով ժամկետների որոշակի տեղաշարժը, որն արդեն տեղի է ունեցել»,-հայտարարել է Դմիտրի Կրուտոյը:
Նա հիշեցրել է, որ, ինչպես բազմիցս նաեւ ընդգծել է Բելառուսի նախագահը, ԲելԱԷԿ-ը պետք է լինի ամենաանվտանգ կայանը: «Այդ իսկ պատճառով այստեղ որեւէ շտապողականություն չպետք է լինի: Ամեն ինչ պետք է լինի մանրամասն ստուգված»,-ասել է առաջին փոխվարչապետը:
Պատասխանելով ԲԵԼՏԱ-ի պարզաբանող հարցին վարկի պայմանների փոփոխության մասին՝ Դմիտրի Կրուտոյը մանրամասնել է, որ դա դեռեւս բանակցությունների առարկա է մասնագիտական կառույցների ու ֆինանսների նախարարների միջեւ: «Այստեղ ակներեւ է լուծումը՝ հաշվի առնելով ժամկետների փոքր-ինչ հետաձգումը: Մենք խնդրում ենք հետաձգել վարկը մարելու մեկնարկը: Ավելին, մենք խնդրում ենք լրացուցիչ ծանրաբեռնվածություն չկրելու համար հետաձգել այդ վարկի ժամկետը եւ ինչ-որ չափով կրճատել տոկոսադրույքը՝ համապատասխանեցնելով այն գրեթե այն պայմանագրերին, որոնք ունի «Ռոսատոմ»-ն ուրիշ երկրներում: Կարող է տեղի ունենալ տոկոսադրույքի ոչ մեծ շտկում: Սակայն դեռեւս վերջնական պայմանավորվածությունների մասին խոսելը վաղ է, դեռեւս պետք է լուրջ աշխատանք տանեն փորձագետները»,-ասել է նա:
Ինչպես հայտնի է, 2011 թվականի նոյեմբերի 25-ին ստորագրվել էր միջկառավարական համաձայնագիր Բելառուսի կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին Օստրովցի մերձակայքում (Գրոդնենսի մարզ) ատոմային էլեկտրակայան կառուցելու համար, որը նախատեսում է մինչեւ 10 մլրդ դոլարի հատկացում: