Հանրաքվե: Թող ամենևին զարմանալի չթվա, եթե ասեմ, որ նոր սահմանադրության ջատագովները մարդկային առումով արժանի են անգամ որոշ կարեկցանքի, որովհետև,կամովին թե ոչ, հարկադրված են ապացուցել անապացուցելին, դրա հետեւանքով դառնալով ժողովրդի ծաղրուծանակի առարկա։ Առանց չափազանցության, նրանց անճարակ քարոզչությունն արդեն իսկ կատարելապես տապալված կարելի է համարել, ինչի վկայությունն է այն, որ նույնիսկ իշխանությունների կողմից պատվիրված սոցիոլոգիական հարցումների առայժմ գաղտնի պահվող արդյունքների համաձայն, ներկա պահի դրությամբ, Հայաստանի բնակչության մեծ մասը դեմ է սահմանադրական փոփոխություններին։ Իսկ սա նշանակում է, որ եթե ռեժիմն այդ փոփոխությունների անցկացումը դիտում է որպես կենաց-մահու խնդիր, ապա հանրաքվեի դրական արդյունքն ապահովելու համար, հարկադրված պետք է լինի գործի դնել կեղծիքների, բռնությունների, ընտրակաշառքի, վարչական ռեսուրսների օգտագործման ողջ մեքենան՝ հերթական անգամ պատճառ դառնալով ներքաղաքական սուր ցնցման, ժողովրդի հուսալքության խորացման, արտագաղթի նոր ալիքի խթանման, վերջին հաշվով՝ ազգային միասնության իսպառ խարխլման եւ պետականության արդեն ոչ թե թուլացման ,այլ հիմնովին վերացման:
Ահա այս տխուր ու անցանկալի իրողությունն է, այսօր, որ պետք է դառնա Հայաստանի ու Արցախի ապագայով շահագրգիռ քաղաքական ուժերի, հասարակական խավերի եւ քաղաքացիական կառույցների մտահոգության գլխավոր առարկան: Այսօր մեր թավշիստները տոգորված են ժողովրդի վզին բռնի ուժով նոր սահմանադրություն փաթաթելու խելահեղ մոլուցքով, ինչն այլ կերպ, քան ծայրահեղ անպատասխանատվություն կամ արկածախնդրություն է նրանց կողմից: Հայաստանի Հանրապետությունը այսօր կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև , որոնց դիմակայումը ազգային լիակատար միասնություն և պետականության առավելագույն ամրապնդում է պահանջում:Ուրեմն եկեք լրջանանք ու միասնական պայքարենք ամուր պետություն ունենալու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: